Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024 10:55
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանում է "Ամերիկյան մրցունակության փոխանակում" մեկշաբաթյա ծրագիրը

Հայաստանում է "Ամերիկյան մրցունակության փոխանակում" մեկշաբաթյա ծրագիրը

Արմինֆո.«Americas Competitiveness Exchange» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հայտը ներկայացնելուց հետո մեր երկիրը պատիվ ունեցավ ընտրվելու որպես ACE ծրագիրն անցկացնող և հյուընկալող երկիր։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հաշված օրեր անց, սեպտեմբերի 30-ին, մեկ շաբաթ տևողությամբ ACE ծրագիրը կմեկնարկի Հայաստանում։ Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, տնտեսական զարգացման ոլորտի մասնագետներ, գիտնականներ, առաջնորդներ, նորարարներ Միացյալ Նահանգներից և Արևմտյան կիսագնդի այլ երկրներից։

 

Հայաստանում նրանք կուսումնասիրեն համագործակցության հնարավորությունները, կկիսվեն առաջատար գաղափարներով և կընդգրկվեն ապագան կերտող յուրահատուկ այս հարթակում։

 

Ծրագիրը համակարգվում է Ամերիկյան Պետությունների Կազմակերպության, ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կողմից:

 

ACE Armenia-ի կարգախոսն է «Կառուցել կամուրջներ, միավորել մարդկանց»: Այս աշնանը այդ կամուրջները կհատեն Ատլանտյան օվկիանոսը և միմյանց կկապեն Հայաստանն ու Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկաները:

 

Մինչ այս, Ամերիկյան մայրցամաքներից դուրս, ACE ծրագիրն անցկացվել է միայն Գերմանիայում և Իսրայելում: Այս անգամ՝ արդեն Հայաստանում։ Ինչու՞ Հայաստանում, որովհետև․․․

 

Առկա է հմուտ աշխատուժ. ՍԹԵՄ կրթության և մասնագիտական ուսուցման շեշտադրման շնորհիվ Հայաստանն ունի տեխնոլոգիաների, ճարտարագիտության և այլ ոլորտներում տաղանդավոր մասնագետներ:

 

Վերընթաց զարգանում է տեխնոլոգիական ոլորտը․ Հայաստանն համաշխարհային ուշադրության կենտրոնում է պահում երկրում դինամիկ զարգացող ստարտափ էկոհամակարգը և ՏՀՏ ոլորտը։

Ռազմավարական դիրքը․ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, մատակարարման շղթաների առանցքային կետում՝ Հայաստանը դարպաս է դեպի տարբեր շուկաներ և գրավիչ է միջազգային առևտրի համար։

 

Խրախուսող բիզնես միջավայր. ՀՀ-ն իրականացնում է բիզնեսը խթանելուն ուղղված բարեփոխումներ, առաջարկում է հարկային խթաններ և ապահովում ակտիվ ձեռնարկատիրական էկոհամակարգ:

https://riacevents.org/ACE/armenia/

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը համավատարմագրված է Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում (ԱՊԿ) որպես մշտական դիտորդ։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն ակտիվ աշխատում է ԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ ԱՊԿ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։

 

ՀՀ-ում անցկացվող ACE ծրագրին ԱՄՆ պետքարտուղարության, առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչների և մյուս գործընկերների հետ միասին կմասնակցի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական/փոխդեսպան Արթուր Գրիգորյանը։