Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024 12:07
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԱՄԿ-ի հետ ՀՀ-ում արցախցիների ֆորմալ զբաղվածության ապահովման ծրագրային նախաձեռնությունները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԱՄԿ-ի հետ ՀՀ-ում արցախցիների ֆորմալ զբաղվածության ապահովման ծրագրային նախաձեռնությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը, զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ԱՄԿ-ի նոր նախաձեռնությունը, որի նպատակն է կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ և պաշտպանել աշխատողների իրավունքները: Բացի այդ, այն նպատակ ունի նաև ստեղծելու ավելի արտադրողական աշխատատեղեր և բարելավելու սոցիալական պաշտպանության ծածկույթը:

 

Կարևորելով ԱՄԿ-ի հետ համագործակցությունը՝ Սևակ Միքայելյանը առաջարկել է քննարկել նոր ծրագրային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն տեղահանված անձանց ձեռներեցության կարողությունների զարգացմանն ու Հայաստանում իրենց կայուն և ֆորմալ զբաղվածության ապահովմանը։

 

Նշենք, որ այս տարվա հուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հաղորդել էր, որ հաշվետու ամսաթվի դրությամբ Հայաստանում հաջողվել է աշխատանքի տեղավորվել Արցախի շուրջ 20 հազար բռնի տեղահանված քաղաքացիների: