Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024 19:30
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. հանքարդյունաբերության ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ

Նախարար. հանքարդյունաբերության ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ

Արմինֆո.ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելությում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ Այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն քննարկելու և վեր հանելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այլ նաև կայուն, նորարար տեսլական ձևավորելու համար։ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում»,- ընդգծել է Սանոսյանը։

 

Համաժողովի շրջանակներում քննարկվել է կայուն հանքարդյունաբերությամբ զբաղվելու մարտահրավերները, բնապահպանական ռիսկերն ու դրանց կառավարման միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումն ու հանքարդյունաբերության ապագան, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ոլորտի զարգացման տեսլականը։

 

«Mining Armenia Forum»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև եռակողմ հուշագրի ստորագրություն ՀՀ ՏԿԵ նախարարության, ԶՊՄԿ-ի և ԵՊՀ-ի միջև, որով կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: