Արմինֆո. WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակներում կներկայացվի հայեցակարգային փաստաթուղթ ՝ արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման նպատակով: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շեն Սին՝ Երեւանում WCIT2024-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Նա նշել է, որ փաստաթուղթը կխթանի համագործակցությունը և կնպաստի գիտելիքների փոխանակմանը դաշինքի անդամ երկրների տնտեսությունների միջև: "Դա ուղղված է ապակենտրոնացված դինամիկ ցանցի ստեղծմանը եւ գիտելիքների ձեւավորմանը, ամբողջ աշխարհից ռեսուրսների ներգրավմանը", - ասել է WITSA-ի ղեկավարը:
Նրա հավաստմամբ, փաստաթուղթը հստակ նպատակներ է պարունակում։ Մասնավորապես, վերջինս ձևակերպում է ԱԲ-ի հստակ տեսլականը, նշվել են դրա կիրառման, կայուն զարգացման ապահովման եղանակները, ինչը թույլ կտա քաղաքականություն մշակողներին և գործադիր իշխանությանը փաստաթուղթը դիտարկել որպես ռազմավարական շրջանակ:
"Փաստաթղթում նշված են մեր հիմնական սկզբունքները , որոնք կարեւոր են արհեստական բաանականության կայուն էկոհամակարգի ձեւավորման համար", - ասել է Սին, տեղեկացնելով, որ փաստաթուղթը Կոնգրեսում կներկայացվի երկուշաբթի՝ հոկտեմբերի 7 - ին:
Նշենք, որ կոնգրեսն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-7-ը: Միջոցառման շրջանակներում տեղի կունենան անվանի բանախոսների ելույթներ, որոնց թվում են "Ինչպես դաստիարակել հաջողակ մարդ" միջազգային բեսթսելերի հեղինակ Էսթեր Վոյջիցկին, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը, Picsart-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, TELUS-ի տեխնիկական տնօրեն Իբրահիմ Գեդեոնը և այլոք:
Մասնակիցներին սպասվում են նաև պանելային քննարկումներ, Բ2Բ հանդիպումներ, բիզնես-նորարարական ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Կարևոր իրադարձություններից մեկը կլինի WITSA World Cup-ը (WWC): Ընդհանուր առմամբ, Հայաստան կայցելեն շուրջ 2 հազար պատվիրակներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:
Հիշեցնենք, որ WCIT 2024-ին զուգահեռ <Մերիդիան> ցուցահանդեսային կենտրոնում անցկացվում է ԴիջիԹեք էքսպո2024-ը, որտեղ ներկայացված է հայկական ՏՏ հատվածի ներուժը: