Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024 12:58
Մարիաննա Մկրտչյան

Քվին. Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը

Քվին. Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հզորացմանը և խթանում տնտեսական զարգացումը։

Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

 

«Հպարտ ենք հայտարարել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հովանավորում էր ԴիջիԹեք Էքսպո 2024-ը՝ «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի միջոցով», - նշվում է հաղորդագրությունում:

 

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, իսկ բարձր տեխնոլոգիաների զարգացող արդյունաբերությունը առանցքային նշանակություն ունի այդ նպատակին հասնելու համար: Մեր նպատակն է աջակցել Հայաստանի վերափոխմանը առաջադեմ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի, որը կխթանի զարգացումը ոչ միայն երկրի ներսում, այլև ողջ տարածաշրջանում ու աշխարհում»,– ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

 

«ԴիջիԹեք Էքսպո 2024-ի նման միջոցառումներն առանցքային են՝ խթանելու նորարարությունն ու կայունությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Եկեք միասին ընդլայնենք նորարության սահմանները», - ասվում է ԱՄՆ դեսպանննության հաղորդագրությունում:

 

Նշենք, որ հոկտեմբերի 4-6-ը Հայաստանում անցկացվեց ԴիջիԹեք էքսպո 2024-ը։ Այս տարի, ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսն առանձնանում էր իր բովանդակությամբ: Ստարտափների համար առանձին հարթակից բացի՝ ներկայացվել են հետևյալ ուղղությունները:  TecSquare՝ նոր աշխատանքային կապերի և համագործակցության հաստատման համար, DigiTalks,  որտեղ կներկայացվի տեղեկատվություն տեխնոլոգիական վերջին միտումների մասին, DigiInvest՝ ֆինտեխի թեմայով քննարկումներին մասնակցելու համար, TecBalcony ՝ բիզնես VIP հանդիպումների համար։

 

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 ընկերություններ և ստարտափներ: ԴիջիԹեք-ի կազմակերպիչը 2005 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ):

 

Հավելենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հասույթն առաջին կիսամյակում աճել է 10,4% - ով ' կազմելով 440.8 մլրդ դրամ: Ընդ որում, միայն ՏՏ հատվածում մատուցված ծառայությունները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 14,1%- ով՝ մինչեւ 186,8 մլրդ դրամ։ ՏՀՏ արտադրական հատվածը ևս անկում է գրանցել՝ 49,2% - ով, մինչեւ 357,6 մլն դրամ։ Մինչդեռ, այս ոլորտում առևտուրն աճել է 1.6 անգամ՝ հասնելով 174.4 մլրդ դրամի։