Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024 15:07

Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները

Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները

Արմինֆո.Հոկտեմբերի 4-ին Impact Hub Yerevan-ի հարկի տակ տեղի ունեցավ Social Impact Award Armenia 2024-ի երկար սպասված մրցանակաբաշխության միջոցառումը։ Ծրագրի ինկուբացիոն փուլի գործընկերներն այս տարի IDBank և Idram ընկերություններն են՝  ի դեմս «Մի դրամի ուժը» նախագծի։

Երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող ամենամյա հեղինակավոր այս նախաձեռնությունը արդեն 6-րդ տարին է՝ բացահայտում է հայ երիտասարդների լավագույն  բիզնես գաղափարները՝ ստեղծելով լայն հնարավորություններ դրանք հղկելու, զարգացնելու և կայացած բիզնես ծրագրի վերածելու համար։

Այս տարվա ծրագրին դիմած շուրջ 30 հայտերից ընտրված 10 լավագույն գաղափարների հեղինակները, անցնելով ինկուբացիոն փուլը, ձեռք բերեցին գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց բիզնես գաղափարները բարելավելու և նշանակալի ազդեցության հասնելու համար:

IDBank-ի եւ Idram-ի հաղորդակցության եւ ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար  Տաթեւիկ Վարդեւանյանը նշում է․ «Կրթություն տալով երիտասարդներին՝ մենք կարողանում ենք լուծել սոցիալական տարբեր խնդիրներ, և սոցիալական ձեռներեցության զարգացումն այս առումով հրաշալի գաղափար է մեր երկրի համար։  Հուսով ենք՝ Idram-ի և IDBank-ի կողմից SIA Armenia 2024-ի ինկուբացիոն փուլին ցուցաբերված աջակցությունը լավագույն ազդեցությունը կունենա ծրագրին մասնակցած երիտասարդների հետագա գործունեության վրա և այս ամիսների ընթացքում ձեռք բերված կարևոր ու հիմնարար գիտելիքները կծառայեն ներկայացված հրաշալի բիզնես գաղափարների իրականացմանը»։

«Շատ ուրախ ենք, որ ինկուբացիոն ծրագրի իրականացման համար մեզ միացավ «Մի դրամի ուժը» և մենք կարողացանք լավագույն մասնագետներին հրավիրելով և մեր երիտասարդներին ավելի շատ ռեսուրսներ հատկացնելով՝ ավելի շատ հմտություններ տալ նրանց, որպեսզի իրենց գաղափարները կյանքի կոչեն»,- նշում է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։

Ժյուրիի որոշմամբ՝ հաղթողների եռյակը կազմեցին «ElectRoads», «Աստղագիտությունը բոլորի համար» և «Retyre Design» թիմերը։  Չորրորդ հաղթողը՝ «Hydroponic greenhouses»-ը՝ ընտրվել է համացանցում անցկացված Համայնքային քվեարկության արդյունքներով։

Հաղթող 4 թիմերը  ստացան 1500 եվրոյին համարժեք մրցանակ և բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 26-30-ը Գերմանիայում կայանալիք Social Impact Award-ի ամենամյա գագաթնաժողովին։ Այս փուլը ևս կիրականացվի IDBank-ի ֆինանսավորմամբ։

Հիշեցնենք, որ  «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը SIA Armenia 2024 ծրագրի իրականացմանն ուղղել էր  4,165,643 դրամ։