Արմինֆո. Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունն ստանձնել է Հայաստանը, ի դեմս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։
ՀՌՀ հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 8–9–ը Երևանում տեղի է ունեցել Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities՝ MNRA) 23–րդ տարեկան համաժողովը, որի առանցքային թեմաներն էին՝ արհեստական բանականության կիրառումը, տեսալսողական հարթակների կարգավորման սկզբունքները, ռադիոյի ներկան ու ապագան։
Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը միավորում է անկախ կարգավորող մարմինների` 24 երկրներից։ Այն համագործակցության ցանց է՝ բաց քննարկումների, տեսալսողական բովանդակության կարգավորման լավագույն փորձի փոխանակման, համատեղ հետազոտությունների և մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար:
Այս տարի, Երևանում, MNRA–ի համաժողովին մասնակցել են կարգավորող մարմինների ներկայացուցիչներ 18 երկրներից։ Նրանք ծանոթացել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի թվային հարթակների կառավարման սկզբունքների նոր ուղեցույցի հետ, քննարկել են արհեստական բանականության հնարավորությունները կարգավորողների աշխատանքներում, ռադիոյի անխուսափելիորեն թվայնացվող ճանապարհը։
ՅՈՒՆԵՍԿՈ-ի Խոսքի ազատության և լրագրողների անվտանգության բաժնի ծրագրերի մասնագետ Միկել Ագիռե Իդիակեսը անցկացրել է աշխատարան՝ ուղեցույցի սկզբունքների տեղայնացման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարիներ առաջ ինտերնետը թվում էր դեմոկրատացման գործիք, հետո այն վերածվեց տոքսիկ միջավայրի, իսկ հիմա ավելի շուտ դիտարկվում է որպես զենք։ Եվ այդ պատճառով խարխլվում է ազատ արտահայտման հիմնարար սկզբունքը։
Iberoamerica աուդիովիզուալ կարգավորողների պլատֆորմի (PRAI) գործադիր քարտուղար Մոնիկա Դյուրան Ռուիսը ներկայացրել է տարվա ընթացքում կատարած իրենց հետազոտությունները՝ գենդերային հարցերը մեդիայում և մեդիագրագիտության տարածման պահանջը։ Նրա կարծիքով՝ տեսալսողական դաշտի կարգավորումների ընդլայնումը լուծում չէ, եթե չի ուղեկցվում մեդիագրագիտության մակարդակի աճով։
Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նորընտիր նախագահ դառնալով՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ակնկալում է արդյունավետ համագործակցություն տարբեր ձևաչափերով։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել ապատեղեկատվությանն ու ատելության խոսքին դիմակայելու համատեղ ծրագրերի վրա։
Երևանում նաև տեղի է ունեցել Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի փոխնագահող երկրի ընտրությունը։ Փոխնագահող է դարձել Կոսովոյի Անկախ Մեդիայի Հանձնաժողովը։