Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ Օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետի պաշտոնը:
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը, նախ, շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Չիլինգարյանն ունի մասնագիտական բարձր որակներ և կկարողանա արդյունավետ կառավարել այս ոլորտը:
Չիլինգարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար: Չիլինգարյանը հավաստիացրել է, որ բոլոր խնդիրները կլուծվեն բարձր պատասխանատվությամբ:
Չիլինգարյանն այդ պաշտոնում փոխարինել է Արթուր Գասպարյանին։
"Հայաէրոնավիգացիա" ձեռնարկությունը հիմնադրվել է "Զվարթնոց" օդանավակայանից առանձնացված երթևեկության ծառայության և էլեկտրա - ռադիոտեխնիկական սարքավորումների և կապի բազայի հիման վրա, որոնք օդանավակայանի կազմում գործունեություն են ծավալել ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության Հայկական վարչության ժամանակներից:
Փաստորեն, հաշվի առնելով կազմակերպչական միջոցառումների իրականացումը, "Հայաէրոնավիգացիա" դուստր ձեռնարկությունն իր գործունեությունը սկսել է 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հետագայում ՀՀ կառավարության 03.08.1999թ. թիվ 491 որոշմամբ ստեղծվել է "Հայաէրոնավիգացիա" կամ "ARMATS" (Armenian Air Traffic Services) փակ բաժնետիրական ընկերությունը ' 100% պետական սեփականությամբ:
2003 թվականից ձեռնարկության կազմում ընդգրկվել են նաև Հայաստանի մյուս քաղաքացիական օդանավակայանների համապատասխան ծառայությունները: «Հայաէրոնավիգացիա»-ն իրականացնում է թռիչքների աերոնավիգացիոն սպասարկում Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, օդային երթևեկության կարգավարական սպասարկում, թռիչքների նավիգացիոն ապահովում և աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրում: