Արմինֆո."Ռոսատոմ" պետական կորպորացիան պատրաստ է Հայաստանին առաջարկել նոր ատոմային էէլէկտրակայանի կառուցման տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ - ից մինչև ВВЭР 1200 3+: Այդ թեման կենտրոնականն էր Երևանում ռուսական կողմի կազմակերպած "Ռոսատոմի առաջարկները Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման և նախագծում տեղական արդյունաբերությունը ներգրավելու վերաբերյալ" սեմինարի ընթացքում:
Դիմելով սեմինարի մասնակիցներին՝ "Հայկական ատոմային էլեկտրակայան" ՓԲԸ տնօրեն Մովսես Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ նոր կայանի կառուցման առաջարկ ներկայացրել է միայն ռուսական կողմը: Նախաձեռնության փաթեթը բաղկացած է 11 հատորից։ ՀԱԷԿ-ի տնօրենն ընդգծել է, որ առկա է նոր ատոմակայանի հարթակի գլխավոր հատակագիծը, որի վրա հնարավոր կլինի կառուցել 1200 Մվտ հզորությամբ երկու բլոկ: Ընդ որում, առաջին բլոկի արժեքը կլինի մի փոքր ավելի բարձր՝ քան երկրորդինը: Վարդանյանը նշել է, որ ռեակտորի համար սառեցնող ջրի խնդիրը հնարավոր կլինի լուծել առաջին բլոկի համար 220 մետր բարձրությամբ 4 սառեցնող աշտարակների կառուցմամբ, իսկ երկրորդի համար՝ երկու: Համապատասխան որոշման ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի երկրում արտադրվող շինանյութերի գրեթե ողջ ծավալը։
ՀԱԷԿ-ի տնօրենը հիշեցրել է նաև ներկայումս իրականացվող թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի մասին, որի իրականացումից հետո կայանը կկարողանա աշխատել մինչև 2036 թվականը: Ավելին, շարունակել է Վարդանյանը, հիմնավորում է նախապատրաստվում այդ ժամկետը մինչեւ 2041 թվականը երկարաձգելու մասին։
"Ռոսատոմ" ընկերության կոնտուրի մեջ մտնող "Ատոմստրոյէքսպորտ" ընկերության ներկայացուցիչ Գենադի Տեփկյանը, իր հերթին, Հայաստանի իշխանություններին կոչ է արել չձգձգել վերջնական որոշման կայացումը, քանի որ ձգձգումը կարող է թանկ նստել հայ ժողովրդի վրա: Նա ընդգծել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը կպահանջի ուժերի եւ հնարավորությունների առավելագույն լարում, իսկ դրա կառուցման համար անհրաժեշտ կլինի ներգրավել 10-12 հազար մարդու: Նախագծում պետք է ներգրավվեն գիտական կենտրոններ և տեղական արդյունաբերության ձեռնարկություններ։
Միեւնույն ժամանակ, "Ռոսատոմի" համալիր նախագծերի վարչության պետ Յուրի Սվիրիդենկոն պատմել է Հայաստանում և աշխարհում "Ռոսատոմ սերվիս"-ի աշխատանքի փորձի մասին: Նա նշել է, որ ընկերությունն աշխատում է 15 երկրներում, որտեղ կան ռուսական դիզայնի ատոմային բլոկներ ։ Սվիրիդենկոն մանրամասն ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին ծրագրի աշխատանքների արդյունքները և երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները:
Էներգետիկայի, տեխնիկայի և արժեքի գնահատման փորձագետներ Ալեքսանդր Ստրելնիկովը, Անդրեյ Անիշչենկովը և Միխայիլ Պելիխը ներկայացրել են իրենց զեկույցները Հայաստանի էներգահամակարգում նոր ԱԷԿ-ի ներկառուցման, մեծ և փոքր հզորության "ՎՎԵՌ" և "ՌԻՏՄ" տեխնոլոգիաների, պատվիրատուի և գլխավոր կապալառուի միջև ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրականացման համար պատասխանատվության բաշխման վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել տարբեր հզորությունների բլոկներ ՝ մինչև 300, 600 և 1200 Մվտ։ Այս բլոկներից մի քանիսն արդեն կիրառվում են, ինչպես ասում են, "գետնի" վրա, մյուսների կառուցումը շարունակվում է։ Օրինակ, Կոլայի ԱԷԿ-ում նախատեսվում է կառուցել 600 ՄՎտ հզորությամբ ատոմակայան, փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայաններ կկառուցվեն Յակուտիայում և Ուզբեկստանում։ Սակայն "Ռոսատոմի" առաջատար նախագիծը շարունակում է մնալ 1200 Մվտ +3 հզորությամբ բլոկը։