Արմինֆո. Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար:
ԱԺ հաղորդագրության համաձայն, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նոր կարգավորմամբ քսայուղը ներառում է ծանր թորվածքները եւ քսանյութերը, բացառությամբ ավիայուղի, բենզինը ներառում է թեթեւ թորվածքները եւ նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ավիաբենզինի, իսկ դիզելային վառելիքը՝ միջին եւ ծանր թորվածքները, բացառությամբ ավիավառելիքի:
Առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 եւ 3819 ծածկագրերին դասվող ապրանքները սահմանել ակցիզային հարկով հարկման ենթակա: Արթուր Մանուկյանի խոսքով 3811 ծածկագրին դասվող հավելանյութերն ու նյութերը թեպետ բենզին չեն, սակայն որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես վատ որակի բենզին: Առաջարկվում է այս ապրանքների դեպքում եւս սահմանել նույնչափ ակցիզային հարկ, որքան բենզինի պարագայում է:
«Սահմանել ենք բենզինի համար գոյություն ունեցող կանոնը. երբ ակցիզային հարկը մեկ տոննայի հաշվով կհաշվարկվի, եւ ԱԱՀ-ն հանրագումարային 135 հազար դրամից պակաս կլինի, ապա ակզիզային հարկը պետք է ավելացվի այնքան, որ նվազագույնն այդ 135.000 դրամն ապահովվի»,- պարզաբանել է զեկուցողը:
Հաջորդը 3819 ծածկագրերին դասվող արգելակման, հիդրավլիկ եւ այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70 տոկոս զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող ապրանքներն են: Դրանք կարող են օգտագործվել որպես քսայուղեր: Առաջարկվում է այս խմբի համար եւս սահմանել ակցիզային հարկ, ինչը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կվերացնի տարբեր մոտեցումները եւ նմանատիպ ապրանքների ակցիզային հարկով հարկման հավասար դաշտ կստեղծի:
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ անցած տարի բենզինի հավելում օկտան տեսակի շուրջ 4,5 հազար տոննա հեղուկ է ներմուծվել, իսկ այս տարի՝ մոտ 3 տոննա:
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը կատարվում է ոչ թե հարկային մուտքեր ավելացնելու կամ տուգանելու, այլ անորակ բենզինով մեքենաները վնասելու ռիսկից վարորդներին պաշտպանելու համար:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: