Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։
Համաժողովը կազմակերպվել էր Green Rock-ի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով։
Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր և բարձրացնելով մեր համայնքների կենսամակարդակը:
«Վերջին տարիներին իրականացվել են մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես ընդունվել է «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որը նախատեսում է ծառայությունների որակի բարելավում և զբոսաշրջիկների իրավունքների պաշտպանություն: Ակտիվորեն ներդրումներ են կատարվում զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի գրավչությունը զբոսաշրջության ոլորտում։ Քայլեր են ձեռնարկվում դեպի Հայաստան նոր թռիչքների ներգրավման ուղղությամբ, ինչը ոչ միայն հեշտացնում է զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, այլև նպաստում է բիզնես զբոսաշրջության և միջազգային համաժողովների զարգացմանը», - նշել է նախարարի տեղակալը։
Համաժողովի ընթացքում միջազգային լավագույն փորձով կիսվել են ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի ղեկավար Միշել Մաքքենզին, Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի ներկայացուցիչ Նինո Գեցաձեն, ԱՄԷ-ից զբոսաշրջության և հյուրընկալության փորձագետ Աբդուլսալամ Քայալին, ինչպես նաև Apicius միջազգային հյուրընկալության դպրոց հյուրընկալության մենեջեր Սալվատորե Պրոկոպիոն։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով ՝ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.48 մլն զբոսաշրջիկ, ինչը 6.3% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։
Ավանդաբար Հայաստանում հանգստանալ նախընտրող զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (43,2%), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (11,9%), Իրանից (7,5%), ԱՄՆ-ից (2,7%), Հնդկաստանից (2,1%), Ֆրանսիայից (1,4%), ինչպես նաև Ուկրաինայից, Չինաստանից և Գերմանիայից (1,3-ական%) և Ֆիլիպիններից (1,1%)