Արմինֆո.2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2024 թվականի ընթացքում կառավարության պարտքի աճը կկազմի 461 մլրդ դրամ՝ հիմնականում ներքին պարտքի հաշվին։
Հատկանշական է, վերջին երեք տարիներին (2022/2024թթ․ ընթացքում) պետական (կառավարության) պարտքը աճել է 1,063․3 մլրդ դրամով՝ հիմնականում ներքին պարտքի բեռի ավելացման հաշվին։ Ակնհայտորեն, ներքին պարտքը (պետական փոխառությունները) հակված են լինել ավելի թանկ, քան արտաքին փոխառությունները, ուստի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության գնահատման տեսանկյունից բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեր կառավարությունը հակված ավելի թանկ պարտքեր վերցնելու։
Մյուս կողմից, միանգամայն հնարավոր է, որ մեր երկրի իրական (դե ֆակտո) վարկունակության վարկանիշն այնքան ցածր է, որ միջազգային ֆինանսական կառույցներն ու օտարերկրյա ներդրողները տնտեսական ու քաղաքական խելամտության կանոններով ցանկություն չունեն ընդունելի պայմաններով մեր երկրին փոխառություններ տրամադրել։
Այսպիսի իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը և մտորումներ առաջացնում․ արդյո՞ք մենք չենք հատել այն սահմանագիծը, երբ տնտեսության կառուցվածքային արմատական փոփոխություններ կատարելու և տնտեսական քաղաքականության խորքային վերանայման անհրաժեշտության գիտակցումը՝ առանց քաղաքական ռեֆորմացիաների և արտաքին անվտանգության հետ կապված խնդիրների կարգավորման, բավարար է միջազգային հարթակներում երկրի վստահելիությունը բարձրացնելու համար», - հարց է տվել Դավիթ Անանյանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 5 տրլն 269 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 52,1% - ը՝ 2023 թվականի փաստացի 4 տրլն 807 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 50,6% - ի դիմաց, իսկ 2025 թվականի արդյունքներով ցուցանիշը կհասնի 6 տրլն 161 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 55,8% - ի։ Ընդ որում, միայն կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի մոտ 1,2 տրիլիոն դրամ։ Կառավարության պարտքը ս.թ. վերջին սպասվում է 5 տրլն 037 մլրդ դրամի կամ 12 մլրդ 644 մլն դոլարի (ՀՆԱ-ի 49,8 տոկոսը) մակարդակում ՝ նախորդ տարվա 4 տրլն 572 մլրդ դրամի կամ 11 մլրդ 295 մլն դոլարի (ՀՆԱ - ի 48,1 տոկոսը) եւ 2025 թվի վերջին կանխատեսվող 5 տրլն 914 մլրդ դրամի կամ 13 մլրդ 972 մլն դոլարի դիմաց: 2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրիլիոն 117,1 մլրդ դրամ, որից 723 մլրդ դրամ կկազմի պարտքի մարումը, իսկ 394,1 մլրդ դրամ՝ տոկոսավճարները: Կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսների վճարումը) կկազմեն ՀՆԱ-ի 3,6% - ը կամ 394,1 մլրդ դրամ ՝ ս.թ. վերջին ակնկալվող ՀՆԱ-ի 3,4% - ի կամ 345 մլրդ դրամի և 2023թ. փաստացի ՀՆԱ-ի 2,7% - ի կամ 253,4 մլրդ դրամի դիմաց։ Պակասուրդն ակնկալվում է 609.4 մլրդ դրամի չափ՝ ը.տ. հաստատված բյուջեի 482.9 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 4.6% - ի դիմաց։ 2025 թվականին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կկազմի 656,9 մլրդ դրամ, որը կիրականացվի 294 մլրդ դրամ պետական գանձապետական պարտատոմսերի, 301,4 մլրդ դրամ արտաքին վարկերի և 61,5 մլրդ դրամ արտարժութային պետական պարտատոմսերի հաշվին: