Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն hպարտությամբ տեղեկացնում է կայուն էներգետիկայի ոլորտում իր շարունակական ներդրումների մասին:
Հոկտեմբերի 30-ին Լոռու մարզում կայացավ «ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի «ՓԵՐԻ» արևային արդյունաբերական էլեկտրակայանի բացման պաշտոնական արարողությունը։ Մեկ տարի առաջ մեկնարկած նախագծի գլխավոր ֆինանսավորողն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն է, որը մշտապես աջակցում է Հայաստանի անցմանը դեպի կայուն էներգետիկ ապագային։
Նախագծի հզորությունը 2,440 ԿՎտ է և ակնկալվում է, որ այն տարեկան կարտադրի մինչև 4,025,000 ԿՎտ մաքուր էներգիա: Վերականգնվող էներգիայի այս ծավալն էականորեն կնպաստի Հայաստանի ածխածնային արտանետումների կրճատմանը և տարեկան կխնայի մոտ 1,810 տոննա ածխաթթու գազի արտանետում:
««ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը հաստատվում է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկով, որն է՝ աջակցել կանաչ և կայուն զարգացման ծրագրերին: Վերականգնվող էներգետիկան մեր առաջնահերթություններից է, և մենք հպարտ ենք, որ այս արևային նախագծի հիմնական ֆինանսական գործընկերն ենք հանդիսանում` նպաստելով Հայաստանի կլիմայական նպատակների իրականացմանը», նշեց Բանկի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։
«Սա ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կողմից ֆինանսավորված մեր հերթական հաջողված նախագծերից մեկն է և ակնկալվում են նորերը», նշեցին «ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի բաժնետերերը:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հավատարիմ է մնում կանաչ ֆինանսավորման իր քաղաքականությանը և պատրաստ է աջակցել նմանատիպ նախագծերին՝ նպաստելով Փարիզյան համաձայնագրով ստանձնված Հայաստանի կլիմայական հանձնառությունների իրականացմանը։
Արևային էլեկտրակայանի ներդրող «ՍՏԵԼԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն վստահ է, որ նախագիծը կունենա երկարաժամկետ և դրական ազդեցություն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման վրա՝ նպաստելով ավանդական էներգետիկ աղբյուրներից կախվածության նվազեցմանը և երկրի էներգետիկ անկախության ամրապնդմանը: