Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024 17:25
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերին

ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերին

Արմինֆո. ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կհատկացնի մարզերում հաստատված և արդեն իսկ իրականացված ( 2022-2014թթ.) սուբվենցիոն ծրագրերին ։ Նման որոշում է կայացվել հոկտեմբերի 31-ին կառավարության նիստում։

 

Ներկայացնելով ծրագրերը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ 2.9 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել Հայաստանի 17 համայնքներում 28 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

 

Մասնավորապես, Արագածոտնի մարզում կառավարության մասնաբաժինը կազմել է 10 մլն դրամ ՝ միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման մեկ ծրագրի իրականացման համար:

 

Արարատի մարզում կիրականացվի 218 մլն դրամի 4 ծրագիր (ոռոգման համակարգերի կառուցում, ճանապարհների վերանորոգում և ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում):

 

Արմավիրի մարզում՝ 153 մլն դրամի 4 ծրագիր (ճանապարհների, փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզի վերանորոգում և դրա ջեռուցման համակարգի տեղադրում):

 

Գեղարքունիքում ՝ 626 մլն դրամի 5 ծրագիր (գյուղերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, խմելու ջրի համակարգեր, ճանապարհների ասֆալտապատում):

 

Լոռու մարզում՝ 244 մլն դրամի 2 ծրագիր (մանկապարտեզի վերանորոգում  և դրա ջեռուցման համակարգի արդիականացում, ոռոգման համակարգի վերանորոգում):

 

Կոտայքի մարզում ՝ 674 մլն դրամի 7 ծրագիր (միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, փողոցների վերանորոգում, մարզադպրոցի կառուցում, փողոցների վերանորոգում, փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզի բակի վերանորոգում, ջրամատակարարման համակարգի արդիականացում):

 

Շիրակում ՝ 809 մլն դրամի 2 ծրագիր (փողոցների սալիկապատում և Գյումրիի 25 փողոցների վերանորոգում):

 

Սյունիքում՝ 51 մլն դրամի 1 ծրագիր (Կապանի ակումբ-գրադարանի վերանորոգում):

 

Տավուշի մարզում 120 մլն դրամի 2 ծրագիր (փողոցների սալիկապատում)։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, կառավարությունն արդեն 19.9 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար (նախկին և ընթացիկ):