Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024 21:03
Ալինե Գրիգորյան

ԱԶԲ-ը Հայաստանին 89.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում

ԱԶԲ-ը Հայաստանին 89.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը:

 

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով:

 

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ամրապնդում, ֆինանսական գործիքների ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։

 

Այս 2-րդ ենթածրագիրը բազմամյա ծրագրի մաս է կազմում: Ենթածրագիր 1-ն իրագործվել է 2022 թվականին, որի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին: