Արմինֆո.2025 թվականին Հայաստանը նախատեսում է 2 դրամաշնորհ ներգրավել Եվրոպական միությունից։ Այդ մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ դրամաշնորհները նախատեսվում է ստանալ 13,8 մլն եվրո ընդհանուր գումարի երկու ծրագրերի իրականացման համար։ 4,5 մլն եվրո արժողությամբ մեկ նախագծով նախատեսվում է աջակցել դատաիրավական ոլորտի բարեփոխումների երկրորդ ծրագրի իրականացմանը, իսկ 9,3 մլն եվրո արժողությամբ երկրորդ նախագծով՝ կրթական համակարգի զարգացմանը: Նախարարը նաև հաղորդել է, որ ԵՄ-ն կարող է Հայաստանին տրամադրել 25 մլն եվրոյի բյուջետային աջակցություն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսվում է ներգրավել 9,517 մլրդ դրամ ընդհանուր գումարի դրամաշնորհներ, որից 2,188 մլրդ դրամը՝ ընթացիկ ծախսերի, և 6,2 մլրդ դրամը ՝ կապիտալ ծախսերի համար: Միջոցները կուղղվեն ոռոգման և խմելու ջրի համակարգերի բարելավմանը, կոշտ թափոններով աղբավայրերի կառուցմանը, ճանապարհային ցանցի արդիականացմանը, քաղաքային զարգացմանը, էլեկտրաէներգետիկայի զարգացմանը, գյուղատնտեսությանը:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ բացի դրամաշնորհներից, եվրոպական ֆինանսական կառույցների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ նաև վարկային ռեսուրսների ներգրավման վերաբերյալ, որոնք նախատեսված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում ՝ 18,5 մլրդ դրամի չափով: Տվյալ դեպքում խոսքը ինչպես վարկի գումարի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման մասին է։ Վարկային ռեսուրսների չափը կկազմի 11,8 մլրդ դրամ։
Նախարարը նշել է, որ նշված գումարի մեջ չի մտնում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար տրամադրված 236 մլն եվրոյի վարկը: Նույն նպատակով առաջիկայում նախատեսվում է համանման պայմանագիր կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ: