Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024 12:38
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով. օրինագիծ

Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով. օրինագիծ

Արմինֆո. Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում քննարկվել են "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, օրենքի նախագծով առաջարկվող   փոփոխությունները միտված են  կանխելու սպառողներին մոլորության  մեջ գցող գործողությունները, ինչպես նաեւ պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը:

 

Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նախաձեռնությամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի  փոխարինիչի դեպքում` նարնջագույն: Դա միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները: Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները:  Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա:

 

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Քանի որ  առաջարկվող կարգավորումների հետ որոշ տարակարծություններ կային, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի վերաբերյալ քվեարկությունը լրացուցիչ քննարկելու  նպատակով հետաձգվել է: Աշխատանքային քննարկմանը կհրավիրվեն նաեւ մասնագետներ:

Առաջարկն ընդունվել է, հարցի քվեարկությունը տեղի կունենա  հանձնաժողովի հաջորդ նիստում:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը: