Արմինֆո. Հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, գործող կարգավորումներով շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները: 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Առաջարկվում է բարձրացնել 100.000 դրամի շեմը՝ սահմանելով 300.000 դրամ:
Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նախարարը մանրամասնել է նաեւ շեմի բարձրացման հիմնավորումը: Նրա խոսքով գործող կարգավորումն ուժի մեջ է մտել 2002 թվականից դեկտեմբերի 31-ից եւ գործում է մոտ 21 տարի: Նշված ժամանակահատվածում գնաճի ցուցանիշը կազմել է 113.74 տոկոս, որով ճշգրտելու դեպքում միայն 100.000 դրամը կկազմեր 224.000 դրամ:
300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվելու է անհուսալի` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ կայացնելու օրվանից:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: