Արմինֆո.Գործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռևս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:
Սա Կոնվերս Բանկի Bank as a Service քաղաքականության շրջանակում
ֆինտեխ ընկերության հետ առաջին համագործակցությունն է: Շուտով
Superra հավելվածը կինտեգրվի Converse Mobile-ին: Արդյունքում, Կոնվերս
Բանկի հաճախորդները հասանելիություն կստանան խնայողությունների
կառավարման ևս մեկ գործիքի՝ բորսայում շրջանառվող պետական և
հայկական ընկերությունների պարտատոմսերի:
Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանի
խոսքով, Superra հավելվածը ստեղծվել է որպես պարտատոմսերում
խնայողությունների ներդրման պարզ, արագ, անվտանգ ու վստահելի
հնարավորություն, որի միջոցով պարտատոմսերը, արժեթղթերն առցանց
եղանակով հասանելի կդառնան սկզբնական շրջանում ռեզիդենտ, իսկ մոտ ապագայում՝ նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին:
Ահարոն Լևոնյանն ասում է. «Superra հավելվածի անհրաժեշտությունն
առաջին հերթին հասկացել ենք որպես մասնավոր ներդրող: Հասկացել ենք, որ գրեթե անհնար է առանց բանկ այցելելու թվային միջավայրում բացել բրոքերային և բանկային հաշիվներ և կատարել ներդրումներ հայկական արժեթղթերում․․․
Առաջիկայում հավելվածը հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում:
Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ գործընթացն ավտոմատացվել
է. այլևս կարիք չկա բանկ կամ ֆինանսական որևէ այլ կառույց այցելել
հաշիվներ բացելու, պայմանագրեր ստորագրելու, պարտատոմսեր գնելու
կամ վաճառելու համար: Superra-ն, օգտագործելով Բանկի ընդգրկուն
գործիքակազմն ու ենթակառուցվածքը, իր թվային լուծումների և
ճկունության շնորհիվ կապահովի հասանելիություն կապիտալի շուկաներին
և կդառնա խնայողությունների նոր, այլընտրանքային գործիք»:
Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը հավելում է. «Սա կարևորագույն քայլ է ՀՀ կապիտալի շուկայում ֆիզիկական անձանց ներգրավվածությունը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ այս համագործակցությամբ մենք փոքր ներդրողների համար հասանելիություն ենք ապահովում խնայողությունների կառավարման նոր հարթակին:
Կոնվերս Բանկը որդեգրել է թվայնացման քաղաքականություն և հաճախորդի ցանկացած բանկային փորձառություն աստիճանաբար տեղափոխվում է թվային տիրույթ: Superra-ի նպատակն է թվային ուղիների միջոցով Հայաստանում կամ արտերկրում գտնվող փոքր ներդրողներին հնարավորություն տալ խնայողությունները տեղաբաշխել Հայաստանում այս պահին հասանելի պարտատոմսերում:
Ըստ որում, մենք ապահովել ենք իրացվելիության առավելագույն մակարդակ և բարձր եկամուտ ստանալու հնարավորություն. ներդրողները կարող են ցանկացած պահի իրացնել գործիքները՝ նույն հավելվածում վաճառելով պարտատոմսերը շուկայական գներով»:
Նշվել է նաև, որ Superra-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով զարգացող երկրների արժեթղթեր:
Մանրամասների համար.
Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808, https://www.fidoinvest.am/am/pages/index/Superra/
Կոնվերս Բանկ՝ 010 511 211