Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2024 15:51
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերը

Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեղագործական ընկերությունների հետ քննարկել է ճյուղի ներդրումային միջավայրի բարելավմանն ու դիվերսիֆիկացմանը միտված քայլերը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

 

Նախարարն անդրադարձել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող պետական աջակցության միջոցառումներին, մասնավորապես՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման» և «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման» ծրագրերին, ինչպես նաև պետական աջակցության այլ միջոցառումների։

Կողմերը քննարկել են ոլորտի զարգացման հնարավորությունները, դեղագործական ոլորտում իրականացվող պետական ​​տնտեսական քաղաքականությունը , ինչպես նաև ներդրումային միջավայրի դիվերսիֆիկացմանն ու բարելավմանը միտված քայլերը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, երկուստեք ընդգծվել է արտաքին շուկաներում հայկական դեղագործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և միջազգային պահանջարկը բավարարելու համար արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

 

Նախարարը շեշտել է պետության ​​և մասնավոր հատվածների սերտ համագործակցության կարևորությունը՝ երկրի տնտեսական միջավայրի բարելավմանը նպաստելու շրջանակներում։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը 2024թ. 9 ամիսներին աճել է 6,2% - ով՝ կազմելով 8,9 մլրդ դրամ։