
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնարկը հայերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ: Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերով հիմնարկը ռուսերենով իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ։ ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով սովորելու համար հիմնարկ են ընդունվելու ՀՀ, ՌԴ քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները՝ ՀՀ օրենսդրությանը և հիմնադրի կողմից հաստատվող հիմնարկ երեխաներին ընդունելու կարգին համապատասխան։