
Արմինֆո. 2024թ. նոյեմբերի 22-ին նշվում է հայկական դրամի 31-ամյակը և բանկային աշխատողի օրը: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի շնորհավորական հաղորդագրությունում, երեք տասնամյակ առաջ անկախ պետականության հաստատմամբ սկիզբ դրվեց հայկական ազգային արժույթի՝ դրամի ստեղծմանը՝ նշանավորելով ՀՀ-ում ֆինանսական անկախ համակարգի ձևավորման մեկնարկը:
«Ազգային արժույթը մեր պետականության կարևոր խորհրդանիշներից մեկն է, այն մեր պետության հետ անցել է դժվար ժամանակներ և իր ուրույն տեղն ամրագրել մեր արժեհամակարգում:
Դրամը մեզ համար ավելին է քան, պարզապես վճարամիջոց. այն մեր ազգային տնտեսության հիմքն է, մեր ինքնուրույնության արտահայտումը և մեր պատմական ժառանգության շարունակությունը: Այսօր դրամը վայելում է մեր քաղաքացիների վստահությունը՝ սպասարկվելով մրցունակ, հուսալի և վստահելի ֆինանսական համակարգով:
Մեր ֆինանսական համակարգը՝ գործելով թափանցիկ ու հաշվետու կերպով, շարունակում է նպաստել ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը և համազգային բարեկեցությանը:
Այդ անխափան և սահուն գործող համակարգի ավյունը համակարգում աշխատող մարդիկ են, որոնց եռանդուն և նվիրված աշխատանքի շնորհիվ կարող ենք վստահ լինել, որ մեր խնայողություններն ու ներդրումները կծառայեն իրենց նպատակներին և ապահով ձեռքերում են:
Մեր բոլոր գործընկերներին մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական առաջընթաց, և ամենակարևորը, ամուր նյարդեր և քաջ առողջություն», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Նշենք, որ անկախ Հայաստանում ազգային արժույթի ՝ դրամի շրջանառության մեջ մտցնելը թվագրվում է 1993թ. նոյեմբերի 22-ին: Ավելի քան 30 տարվա ընթացքում ինչպես բանկային համակարգը, այնպես էլ հայկական դրամը կարողացել են անցնել փորձություններով լի ճանապարհ ("բախվելով" հիպերինֆլյացիայի, հաղթահարելով բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ) և ստեղծել արժանապատիվ պատմություն: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մարտահրավերների բախվեց այն ժամանակ նորանկախ Հայաստանը ։ Կենտրոնական բանկում այն ժամանակ նոր էին ձևավորվում դրամավարկային քաղաքականությունն ու ֆինանսական վերահսկողության գործառույթները, և այդ ժամանակ պետական պահուստներ գրեթե չկային։ Այդ պայմաններում ամենադժվարը ֆինանսական համակարգի և ազգային արժույթի նկատմամբ վստահության ձևավորումն էր ։ Եվ, այնուամենայնիվ, թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվել է վստահություն ձեռք բերել հայկական դրամի և ֆինանսական համակարգի նկատմամբ։ 2003 թվականից ի վեր ամեն տարի նոյեմբերի 22-ին նշվում է նաև Բանկային աշխատողի օրը, որոնց թիվը 18 բանկերում և 532 մասնաճյուղերում այսօր գերազանցում է 15,8 հազարը:
Հիշեցնենք, որ դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքների հարաբերակցությունը դրամի շրջանառության առաջին օրերին կազմել է 14,5 դրամ/1 դոլար ։ 1994 թվականի հունվարին փոխարժեքը առանձնապես չի փոխվել և կազմել է 14 դր/1դոլար, բայց նույն տարվա վերջին այն բարձրացել է մինչև 412 դր/1դոլար, ինչը բացատրվում է ֆիքսված փոխարժեքի քաղաքականության փոխարինմամբ լողացող փոխարժեքի քաղաքականությամբ, որը շարունակում է պահպանվել նաեւ այսօր։ 31 տարի անց, 2024թ. նոյեմբերի 22-ին դրամի հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում է 389,76 դրամ/1դոլար։