Արմինֆո. Տնտեսական ձախողումն իր հետ բերելու է Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի անկում, որին հաջորդելու է հուսահատությունն ու արտագաղթը՝ հանուն «լուսավոր» եվրոպական ապագայի եւ ժողովրդավարության զարգացման: Այդ մասին իր մտորումներն է կիսել քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցի առնչությամբ:
Նա մեջբերում է արել ռուս դիվանագետի՝ "Իզվեստիա" թերթին տված հարցազրույցից, որի համաձայն, Ռուսաստանն ակնկալում է ընթացիկ տարվա վերջին հասնել Հայաստանի հետ ռեկորդային ապրանքաշրջանառության՝ 14-16 մլրդ դոլարի չափով։
«Ահա այս տեղեկությունը կարդալուց հետո, մտածում եմ, թե Եվրաքվեի ակտիվիստ անհատներն ու քաղաքական կազմակերպությունները ինչպես են այն մեկնաբանելու ԵՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները համեմատելուց հետո: Հավանաբար, նրանք պետք է ասեն, որ թվերը սարքովի են, սուտ են, Էմիրաթներից բջջային հեռախոսների վերավաճառքի արդյունք է , և այլն և այլն: Տնտեսագետ չեմ , չեմ ցանկանում բանավիճել: Սակայն այս ծավալի ապրանքաշրջանառությունը Հայաստանի նման փոքր պետության համար շատ խոսուն է: Ոչ ոք դեմ չէ, որ զարգանան նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը, սակայն ռազմավարական որոշումները, եթե կտրված են տնտեսական հիմնավորումից, միշտ էլ մնում են թղթի վրա: Մեզ համար իդեալական կլիներ, եթե չլիներ ՌԴ-Արևմոուտք կոշտ հակամարտությունն ու նրանց միջև միջնորդավորված պատերազմն Ուկրաինայում: Դա հնարավորություն կտար հավասարապես և հնարավորինս զարգացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները երկու բևեռների հետ միաժամանակ: Եվ դրա հնարավորության իրավական հիմքը կա, որովհետև Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում է ընդգրկված և ԵՄ-ի հետ ունի 2017թ. կնքված համապարփակ համագործակցության պայմանագիր, միաժամանակ լինելով ԵՏՄ անդամ: Սակայն բազմակողմ համագործակցության ջատագովները այնուամենայնիվ պետք է գիտակցեն, որ ներկա քաղաքական իրադրությունը և պատերազմի վերածված բախումը բալանսավորված քաղաքականության համար քիչ տեղ է թողնում: Իրականությունը անհրաժեշտ է սթափ գնահատել, որոշումներ ընդունելուց կանխատեսել նրա հնարավոր հետևանքները, զինվել պրագմատիկ հեռատեսությամբ և կոնկրետ հաշվարկներով:
Ցանկացած տնտեսական ձախողում իր հետ բերելու է կենսամակարդակի անկում, որին հաջորդելու է հուսահատությունն ու արտագաղթը: Հանուն «լուսավոր» եվրոպական ապագայի և ժողովրդավարության զարգացման, մեր ժողովուրդը դժվար, թե ընտրի տնտեսական դժվարություններն ու «մի քանի ձմեռ» ևս սառչելը», - նշել է քաղաքագետը: