Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի Հանրապետության պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ Միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման բնագավառի հետ կապված նախատեսվում է մոտարկում ԵՄ մի շարք դիրեկտիվների հետ: Կոմիտեն արդեն նախաձեռնել է նոր ատոմային օրենքի նախագծի մշակումը՝ հաշվի առնելով ԵՄ համապատասխան դիրեկտիվները, Արևմտյան Եվրոպայի միջուկային անվտանգության կարգավորման մարմինների ասոցիացիայի (WENRA) անվտանգության չափանիշները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները։ Ծրագրի իրականացումը նշված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում հնարավորություն կտա ՀՀ-ին ներդնել միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթ, ստեղծել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածք և իրավական դաշտ, որոնք համապատասխանում են ԵՄ դիրեկտիվներին, ինչպես նաև հնարավորինս բավարարում են WENRA- ի անվտանգության չափանիշներին և կարտացոլեն եվրոպական լավագույն փորձը և միջազգային չափանիշները: Համաձայնագրի շրջանակում նաև նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի նպատակն է զարգացնել ՀՀ միջուկային կարգավորող մարմնի և տեխնիկական աջակցության կենտրոնի կարողությունները ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի Անվտանգության պարբերական հաշվետվությունը: Նշված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև մատակարարել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներ։
Համաձայնագրով նախատեսված խնդիրների իրագործման համար ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության առավելագույն գումարը կազմում է 12 900 000 եվրո: