Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 15:30
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ

Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվում է հավատալ Հայաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը: Վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի ս.թ. հոկտեմբեր ամսվա տվյալները՝ նա նշել է, որ նման դանդաղում չէր կարող լինել, քանի որ տնտեսության առանցքային հատվածները զգալի աճի են հասել։

 

Civil.net-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ Վիճակագրական կոմիտեի արձանագրած 4,2 տոկոս տնտեսական աճը, իբր, բացատրվում է գյուղատնտեսության ոլորտի 8,2 տոկոս անկմամբ, որտեղ անասնաբուծությունը 0,1 տոկոս աճ է գրանցել, իսկ բուսաբուծությունը՝ 16 տոկոս անկում։ Նախարարի խոսքով ՝ դա չի արտացոլում իրական պատկերը, քանի որ ոչ մի կերպ չի համապատասխանում, նույնիսկ, գյուղմթերքի արտահանման դինամիկային։ Ընդ որում, նա հակադարձել է հարցազրուցավարի այն դիտարկմանը, թե, հնարավոր է,  արտահանման նման աճը կապված է վերաարտահանման հետ։

 

Պապոյանը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում փոխվել է ամեն ինչ, բացի հայրենական Վիճակագրական կոմիտեի հաշվարկման մեթոդաբանությունից: Նրա խոսքով ՝ անասնաբուծության տվյալների հաշվարկման մեջ սխալներ չեն կարող լինել, քանի որ կատարվում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի հաշվառում և համարակալում, և սկսվել է արդեն նման գործընթաց մանր եղջերավոր անասունների մասով: Իսկ ահա բուսաբուծության պարագայում, ինչպես պատմել է նախարարը, Վիճակագրական կոմիտեն տվյալները մարզպետարաններից ստանում է հեռախոսազանգի միջոցով, որոնք նույն մեթոդին են դիմում ՝ զանգահարելով համայնքապետարաններ: Իսկ համայնքներում հավաքված տեղեկությունները ֆերմերների հետ կենցաղային խոսակցությունների արդյունք են։

 

Դժգոհելով, որ վիճակագրական տվյալների հավաքագրումն իրականացվում է սիրողական մակարդակով, Պապոյանը նշել է, որ միակ բանը, որ փոխվել է գերատեսչությունում, դա փոշոտ թղթապանակների փոխարեն նոր համակարգիչների հայտնվելն է: "Եվ դա մեր մեծ խնդիրներից մեկն է", - ասել է նա: Գերատեսչության ղեկավարը նշել է, որ չիմանալով այս կամ այն ոլորտի իրական պատկերը, հնարավոր չէ արդյունավետ քաղաքականություն վարել։

 

Նախարարը տնտեսական աճի տեմպերի նման դանդաղումը բացառել է նաև այն պատճառով, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 19% - ով, արդյունաբերական արտադրության աճն արագացել է մինչև 5,3%, շինարարության հատվածն աճել է 13,7% - ով, ծառայությունների ոլորտը՝ 5,2% - ով:

 

"Իհարկե, չի կարող այնպես լինել, որ բոլոր ոլորտներն աճ են ցույց տալիս, այդ թվում ՝ արդյունաբերական հատվածի արագացում, էլեկտրաէներգիայի սպառման կտրուկ աճ, արտահանման, այդ թվում ՝ գյուղատնտեսական արտադրանքի կտրուկ աճ, և ունենալ տնտեսության 4,2 տոկոս աճ", - նշել է նախարարը:

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2024թ. հոկտեմբերին, 2023թ. հոկտեմբերի համեմատ, դանդաղել է ՝ նախորդ տարվա 6% - ից հասնելով  4,2%-ի։ Ընդ որում, վերընթաց միտում են ցույց  տվել բոլոր ճյուղերը։ Մասնավորապես, տարեկան երկնիշ աճ են գրանցել էներգահամալիրը՝ 19 տոկոս, առեւտրի հատվածը՝ 13,7 տոկոս, եւ շինարարության ոլորտը՝ 13,5 տոկոս, արդյունաբերության հատվածը՝ 5,3 տոկոս,  եւ ծառայությունների ոլորտը՝ 5,2 տոկոս։