12:00
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024 12:00

Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համակարգի անդամ

Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համակարգի անդամ

Արմինֆո. Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան (KCSD) դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) համակարգի անդամ՝ բացելով անվանատիրոջ հաշիվ։ Այս անդամակցությունը կարևոր նշանակություն ունի երկու երկրների կապիտալ շուկաների միջև փոխգործակցության խորացման և արժեթղթերի շուկաների հասանելիության ընդլայնման համար: Այդ մասին նշվում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համատեղ հայտարարությունում:

Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաճախորդները այսուհետ կստանան հասանելիություն ՀՀ կորպորատիվ և պետական արժեթղթերին: Սա հնարավորություն կտա KCSD-ի հաճախորդներին օգտվելու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի առաջադեմ ծառայություններից։

ՀԿԴ համակարգի անդամակցության միջոցով Ղազախստանի կենտրոնական դեպոզիտարիան նպատակ ունի իր հաճախորդներին ապահովել նոր ներդրումային հնարավորություններով և արժեթղթերի շուկայի գործառույթների փոխկապակցվածության բարձր մակարդակով:

«Սա կարևոր քայլ է երկու երկրների ֆինանսական ոլորտի ինտեգրման ուղղությամբ, որը կնպաստի կապիտալի շուկաների զարգացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղազախստանում», - հայտարարել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է: