Արմինֆո. Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կայացած «Food Africa» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 15 հայկական ընկերության արտադրանք։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսին մասնակցությունը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց արտադրանքը, բացահայտել աֆրիկյան շուկայի նոր միտումներն ու հեռանկարները, հաստատել նոր բիզնես կապեր, հանդիպել հեռանկարային գնորդների հետ, բարձր տեսանելիություն ձեռք բերել Արևելյան Աֆրիկայի, հատկապես COMESA (Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա) տարածաշրջանում, գտնել հուսալի դիստրիբյուտորներ:
Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։
«Food Africa» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ միջազգային առևտրային ցուցահանդեսն է, որը մասնագիտացած է պարենային և ագրոարդյունաբերության ոլորտներում և եզակի հարթակ է Եգիպտոսի, ինչպես նաև Աֆրիկայի զարգացող սպառողական շուկա մուտք գործելու համար:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Food Africa» ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 910 կազմակերպություն 72 երկրից։ Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 27500 այցելու։