Արմինֆո. Հաշվապահներին, իրավաբաններին և խորհրդատվության ոլորտի ներկայացուցիչներին ԱԱՀ դաշտ տեղափոխելու վերաբերյալ Ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող հարկային փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ այս անարդար փոփոխություններից հետո մասնագիտական ոլորտի հազարավոր ներկայացուցիչներ չեն քվեարկի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր՝ Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականի հուլիսից իրավաբանական և հաշվապահական գործունեությունը, ինչպես նաև կառավարչական (ֆինանսական) խորհրդատվական ծառայությունները շրջանառության հարկից տեղափոխել ԱԱՀ։ Մինչ այդ, եկող տարվա հունվարից կրկնակի կբարձրացվեն հիմնական գործունեության տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը ՝ հնարավորություն ընձեռելով փաստաթղթավորված ծախսերի հաշվին նվազեցնել վճարման ենթակա հարկը:
"Տաքսու վարորդն ինձ ասում է, “Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ”։
Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, ես առաջին անգամ էի լսում այդ հարկի մասին։ Սեփական պետության նկատմամբ այդ վարորդի վերաբերմունքից ազդվել էի և որոշեցի հասկանալ իրականում ինչքան հարկ է սահմանվել, որ ցանկանում է լքել երկիրը։
Պարզվեց, որ սահմանվել է պետական տուրք՝ այս տարի 2% է, մյուս տարվանից 3,5%։
Այսինքն՝ 1000 դրամանոց պատվերից 35 դրամ։
Յանդեքս տաքսի ծառայությունը, որի միջոցով ես կանչել էի այդ վարորդին, նրանից միջնորդավճար է վերցնում 20%, 1000 դրամից 200 դրամ։
Փաստորեն նա պատրաստ է 5 անգամ ավել վճարել մասնավոր ընկերությանը, բայց չի ցանկանում հարկ վճարել։
Ես կարծում եմ, որ Կառավարությունը ճիշտ ճանապարհ է որդեգրել և հզոր պետություն ունենալու համար պետք է ցանկացած եկամուտ ստացող հարկ վճարի։
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:
Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:
Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:
Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:
Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած է» (06.12.2019թ):
Հարցնում են, բա ի՞նչ անենք, որ շրջանառության հարկ վճարողներն ագրեսիվ հարկային քաղաքականությամբ չնվազեցնեն շահութահարկ վճարողների հարկային բազան և չգտնվեն արտոնյալ դիրքում նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողների նկատմամբ, պատասխանը հետևյալն է՝ բարձրացրեք շրջանառության հարկը, ընդհուպ մինչև 15%: Թող իրենք որոշեն, աշխատեն շրջանառության հարկով, թե՝ ԱԱՀ-ով: Այս դեպքում նույնպես հարկի բարձրացումը պատիկներով կլինի, բայց գոնե հիմնավորում կունենա և համեմատաբար տանելի կլինի", - գրել է Նաիրի Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ ներկայումս շրջանառության հարկ (փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին) վճարում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը (2020թ.հունվարի 1-ից Հայաստանը վերադարձել է մինչև 115 մլն դրամ չհարկվող տարեկան շրջանառությանը): Այս խումբը ներառում է ՓՄՁ, անհատ ձեռներեցներին և նոտարներին: Խոսքը, մասնավորապես, առևտրային գործունեության շրջանառության 5% - ի և արտադրական գործունեության շրջանառության 3,5% - ի վճարումների մասին է։