Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024 12:43
Նաիրա Բադալյան

ԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով

ԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով

Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի համաձայն, մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել կամ վերանորոգել, առնվազն, 300 դպրոց ՝ դրանք համալրելով անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

 

«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3,000,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային համաձայնագրի նախագծի կատարման արդյունքում կապահովվի  Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը,  դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով,  ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և  կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների թիրախային բնակչության համար, այլ արդյունքներ, որոնք կնպաստեն աղետների կանխարգելման և  կլիմայի փոփոխության դեմ պայքարին», - ասվում է հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում 2015 թվականին Տարածքային զարգացման հիմնադրամը Հայաստանում ձեռնամուխ է եղել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի իրականացմանը: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեից ԱԶԲ-ի վարկը կազմում է 88.5 մլն դոլար, իսկ կառավարության համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: