
Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ի հերթական նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում: Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:
«Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա», - ասվում է հիմնավորման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը նշել էր, որ օֆշորային սխեմաները Հայաստանում բավականին տարածված են: Բանն այն է, որ, ինչպես նշել է Բադասյանը, երկիրը կարող է եւ չլինել օֆշորային, բայց նրա հետ կնքված կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիրը կարող է որոշակի առավելություններ տալ ։ Սույն համաձայնագրերի նպատակն է վերացնել երկու պետությունների միջև արտաքին առևտրում կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, բացառել գույքի և եկամուտների կրկնակի հարկումը, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային միջավայր բիզնեսի համար: Սակայն լինում են իրավիճակներ, երբ այդ համաձայնագրերը կիրառվում են այնպես, որ ստացվում է կրկնակի <չներդրում> - հարկ չի գանձվում ոչ այստեղ, ոչ այնտեղ։
<2019-2021 թվականներին մենք իրականացրել ենք ուսումնասիրություն և արձանագրել, որ մոտ 3 տարվա կտրվածքով Հայաստանից ոչ ռեզիդենտներին վճարվում են 616 մլրդ դրամի եկամուտներ, որոնք կամ չեն հարկվում, կամ հարկվում են նվազեցված դրույքաչափերով: Ընդ որում, այս տվյալներում հաստատ կան դեպքեր,երբ երկու կողմից էլ չեն հարկվում > , - նշել է Բադասյանը։
Մասնավորապես, նրա ասելով, լուրջ խնդիրներ են առաջացնում Արաբական Միացյալ Էմիրությունների, Լյուքսեմբուրգի և Կիպրոսի հետ կնքված կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը: <Մենք ունենք նախնական գնահատական, թե ինչ կորուստներ կարող են լինել: Խիստ նախնական գնահատականներով ՝ պետք է հարկվի մոտ 50-60 մլրդ դրամ», - այն ժամանակ նշել էր ՀՀ գլխավոր հարկայինը։
Հիշեցնենք, որ Հայաստանը կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրեր է կնքել աշխարհի շուրջ 50 երկրների հետ: