Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: Այդ ծրագրի շրջանակում Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել է, որ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ մեկ տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում: Այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտներ 2024 թ. օգոստոսի 1-ից: Նույն որոշմամբ սահմանվել էր նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել 200 շահառուի: Սակայն 2024 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաստատված և բանկերի կողմից հավաքագրված հայտերի թիվը գերազանցում էր սահմանված սահմանաչափը՝ 2000-ը, ինչի կապակցությամբ նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցվեց ֆինանսական կազմակերպությունների կողմից: Եվ մենք նաև Կառավարության նիստում հայտարարեցինք, որ դադար ենք վերցնում՝ ուսումնասիրելու համար: Արդյունքում շահառուները չկարողացան օգտվել այդ 4 բնակավայրերի համար սահմանված հավելյալ 5 մլն դրամի արտոնությունից»:
Նախարարը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերին վարչապետի՝ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանձնարարվել էր ապահովել Վայք համայնքի Գոմք բնակավայրում ծրագրի վերաբացումը երիտասարդ ընտանիքների համար: «Ըստ այդմ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար՝ հետևյալ քվոտայով՝ մինչև 50 շահառու Ոսկեպարում, մինչև 50՝ Բաղանիսում, 40 շահառու՝ Բերքաբերում, 50 շահառու՝ Կիրանցում և մինչև 30 շահառու՝ Գոմքում: Այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը»,-ասել է նախարարը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, որոշմամբ առաջարկվում է նաև ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար հնարավորություն տալ ևս 190 շահառուի, որոնց շինթույլտվությունները տրվել էր մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ: «190 շահառու շինթույլտվություն ստացել էին մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը, բայց չէին հասցրել դիմել դրան, քանի որ սահմանաչափը լրացել էր, իսկ նրանք որոշակի ֆինանսական ծախսեր էին արել շինթույլտվության համար, որոշները նաև հողամաս էին ձեռք բերել, որ դառնային այս ծրագրի շահառու»,- պարզաբանել է Նարեկ Մկրտչյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առկա է երկու խումբ. «Առաջին խումբը՝ Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց գումարած Գոմք, որտեղ բացում ենք այնպիսի չափաքանակներ, որոնք, ամենայն հավանականության, առաջին տարվա համար քիչ չեն լինի: Եվ երկրորդ խումբը, որոնք սահմանված կարգով ընթացակարգերով դիմել են նախարարությանը, համարվել են պահանջները բավարարող, ստացել են շինթույլտվություններ»: