
Արմինֆո. Տեխնիկական զննության պլանային աշխատանքների կատարման պատճառով "Հայկական ավիաուղիներ" (Armenian Airlines) ավիաընկերության չվերթները կվերսկսվեն միայն դեկտեմբերի 16-ից: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Մեկ օր առաջ "Հայկական ավիաուղիներ"-ը տեղեկացրել էր ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։
«Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն: Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:
Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի: Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար», - ասվում էր հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ "Հայկական ավիաուղիներ" ավիաընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին ։ Ավիաընկերությունն իր առջև նպատակ է դրել զարգացնել երթուղիների միջազգային ցանցը, ինչպես նաև ընդլայնել միացնող չվերթների հարմարավետ մոդելը, որը հիմնված է Երևանի տարածքով թռիչքների գործող ծրագրի վրա: