Արմինֆո. Հայաստանում անասունների սպանդի նվազագույն պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է գոնե 100 սպանդանոցի առկայություն։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ դրանց ապահովման նպատակով պետությունը մշակել է մի շարք ծրագրեր, որոնք թույլ կտան խթանել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում:
Մասնավորապես, նախարարը պատմել է լիզինգային ծրագրի մասին, որի շրջանակում պետությունը սուբսիդավորում է շարժական սպանդանոց ձեռք բերելու համար կանխավճարի 80%-ը և տոկոսադրույքների 12%-ը (դրամային փոխառության դեպքում) և 7%-ը (դոլարային): Այդ առնչությամբ Պապոյանը նշել է, որ վերջինիս միջին արժեքը կազմում է 20 մլն դրամ, մուծման չափը ՝ 20 տոկոս կամ 3.2 մլն դրամ, որի 80 տոկոսը սուբսիդավորում է պետությունը: Այսպիսով, այդ մեքենայի ձեռք բերումը գյուղացու կամ համայնքի համար կարժենա 800 հազար դրամ, մնացած գումարը նրանք կվճարեն արդեն աստիճանաբար՝ ըստ լիզինգային գործարքի ժամանակացույցի։
Բացի այդ, նախարարը խոսել է կառավարության նախագծի մասին, որը նախատեսում է գործող սպանդանոցներում բնակիչների համար անվճար հիմունքով անասունների սպանդի կազմակերպման գործընթացի սուբսիդավորում: Այսինքն՝ պետությունը կհոգա գործընթացի կազմակերպման ծախսերը ՝ դրանով իսկ գործընթացը ֆինանսապես շահավետ դարձնելով սպանդանոցների սեփականատերերի համար, և կխթանի սպանդանոցներում անասունների սպանդը։
Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ մեր երկրում հնարավորություններ կան սպանդանոցային կետերի կառուցման համար, որոնք ցանկացողների համար կարժենան 2 մլն դրամ: Ամեն օր այնտեղ հնարավոր կլինի իրականացնել 7-8 կենդանու սպանդ։
Պապոյանը նաև նշել է, որ Հայաստանում շատ սպանդանոցներ են կառուցվել, սակայն դրանք չեն գործում՝ տարբեր պատճառներով: Հիմնականում, նախարարի ասելով, պահանջարկի բացակայության պատճառով մարդիկ անասուններին սպանդանոց չեն տանում, այլ այդ գործընթացներն իրականացնում են բակերում: Այս առնչությամբ նախարարը վստահություն է հայտնել, որ վերջիններս ևս շուտով կսկսեն գործել՝ հաշվի առնելով պետության աջակցության տարբեր գործիքները:
Բացի քաղաքացիների համար կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովումից, այդ ամենը, ինչպես նշել է Պապոյանը, թույլ կտա նաև վարել անասունների հաշվառում, ինչն էլ, իր հերթին, կբարձրացնի ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:
Ընդ որում, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ գնում է Ավստրիայի ճանապարհով, որը 30 տարի առաջ նման իրավիճակ է ունեցել անասունների սպանդի հարցում: