Արմինֆո.Առաջիկա 6-8 ամիսներին ռուսական կողմը առաջարկություններ կներկայացնի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է կայանի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է, որ ընդհանուր նախագծի այդ մասն առայժմ վերջնականապես համաձայնեցված չէ, եւ այդ պատճառով այժմ դժվար է հաշվարկել, թե որքանով կբարձրանա ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ ծրագրի իրականացման ավարտից հետո: Սառեցման համակարգերի արդիականացումը կայանի անվտանգության մակարդակի բարձրացման կարևորագույն կետերից մեկն է։ Այս ուղղությամբ աշխատանքները դեռ չեն ավարտվել։
Մովսիսյանը հաղորդել է, որ 2026-2036 թթ. էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ակտիվ տեմպերով: Նախատեսվում է, մասնավորապես, կողմնորոշվել կայանի մնացորդային ռեսուրսի հետ կապված ամբողջ փաթեթի հարցում։ Որոշ աշխատանքներ կիրականացվեն նաև ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Տնօրենն ընդգծել է, որ ծրագրի իրականացման գործում ակտիվորեն ներգրավված են հայկական ընկերություններ, որոնք, հիմնականում, կենտրոնանալու են խտարանների արդիականացման վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակվում է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու երկրորդ ծրագրի իրականացումը: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 165 մլն դոլար է ուղղել, որը հաջողվել է տնտեսել 300 մլն դոլար ընդհանուր արժողությամբ առաջին ծրագրի իրականացման արդյունքում ։ Ինչպես սպասվում է, մինչև 2036 թվականը երկրում պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ։
Ավելի վաղ Մովսես Վարդանյանը հաղորդել էր, որ այս պահի դրությամբ նոր կայանի կառուցման առաջարկ է ներկայացրել միայն ռուսական կողմը: Նախաձեռնության փաթեթը բաղկացած է 11 հատորից։ ՀԱԷԿ-ի տնօրենն ընդգծել էր, որ նոր ատոմակայանի համար հարթակի գլխավոր հատակագիծ կա, որի վրա հնարավոր կլինի կառուցել երկու բլոկ ՝ յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ։ Ընդ որում, առաջին բլոկի արժեքը կլինի մի փոքր ավելի բարձր, քան՝ երկրորդինը: Վարդանյանը նշել էր, որ ռեակտորի համար սառեցնող ջրի խնդիրը հնարավոր կլինի լուծել առաջին բլոկի համար 220 մետր բարձրությամբ 4 սառեցնող աշտարակների կառուցմամբ, իսկ երկրորդի համար ՝ երկու: Համապատասխան որոշման ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի երկրում արտադրվող շինանյութերի գրեթե ողջ ծավալը։
ՀԱԷԿ-ի տնօրենը հիշեցրել է նաև ներկայումս իրականացվող թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի մասին, որի իրականացումից հետո կայանը կկարողանա աշխատել մինչև 2036 թվականը: Ավելին, ինչպես նշել էր Վարդանյանը, նախապատրաստվում է հիմնավորում այդ ժամկետը մինչեւ 2041 թվականը երկարաձգելու մասին։