Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024 12:06
Ալինե Գրիգորյան

Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները

Հայկ Մարության. ՔՊ-ը հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարները

Արմինֆո. ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես է մեկնաբանել է Երևանում աղբահանության դիմաց վճարը բարձրացնելու մասին իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության նոր որոշումը՝ կախված բնակելի տարածքից:

«Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երեւանցինրին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թեւն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման եւ, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։

ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է։

Արձանագրենք նաեւ, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Զ. Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ «Հանրային ձայն» խմբակցության մնացորդների օգնությամբ։

Թարմացում. շրջհարկի փոխարեն շփոթմամբ շահութահարկ ենք գրել, սիրելի հայրենակիցներ։ Բայց դրանից, ցավոք, պետական թալանի մասշտաբն ու բնույթը չի փոխվում», - գրել է Մաարությանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Հիշեցցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է աղբահանության դիիմաց վճարի հաշվարկման նոր մեթոդաբանություն, որը հիմնված է ոչ թե, ինչպես նախկինում, բնակիչների թվի, այլ զբաղեցրած բնակելի անշարժ գույքի մակերեսի վրա: Ինչպես ավագանու նիստի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, նման մոտեցում այսօր կիրառվում է հասարակական և արտադրական նշանակության շենքերի նկատմամբ:

Ուշագրավ է, որ ըստ գործող կարգի, Երևանում յուրաքանչյուր բնակչի մեկ շնչին բաժին է ընկնում ամսական 200 դրամ վճար՝ աղբահանության դիմաց: Հղում անելով Երևանի քաղաքապետարանի սեփական բազային՝ նա նշել է, որ Երևանի մեկ սենյականոց բնակարաններում, որպես կանոն, բնակվում է 2 մարդ, և աղբահանությունը 400 դրամից նրանց համար այդ դեպքում կբարձրանա մինչև 455 դրամ, երկու սենյականոց բնակարանում ՝ 3 հոգի, և վճարը 600 դրամից կդառնա 689 դրամ, երեք սենյականոց բնակարաններում բնակիչների համար՝ 900 դրամից մինչև 975 դրամ, չորս սենյականոց բնակարաններում բնակիչների համար՝ 1200 դրամից մինչև 1287 դրամ:

Նորամուծությունից հետո, Հակոբյանի հավաստմամբ, մայրաքաղաքի բնակիչների համար, միջին հաշվով, աղբահանությունը կթանկանա 80 դրամով, առանձնատների դեպքում ՝ 180 դրամով։ Մինչդեռ, դա բացահայտ սուտ է և թվերի մանիպուլյացիա։ Ներկայացնենք պարզ թվաբանական հաշվարկ. այսօր Երեւանի շարքային բնակիչը աղբահանության դիմաց վճարում է 200 դրամ, տարեկան կտրվածքով դա հավասար է 2400 դրամի։ Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնության համաձայն,  շարքային քաղաքացին վճարելու է 455 դրամից մինչև 1287 դրամ, այսինքն, տարեկան կտրվածքով՝ 5460 դրամից մինչև 15444 դրամ: Ստացվում է, որ շարքային քաղաքացու համար աղբահանությունը կթանկանա ոչ թե 80 դրամով կամ 15 տոկոսով, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանում, այլ՝ 2.2 անգամ կամ 215 տոկոսով: Ընդ որում, Երեւանի քաղաքապետարանում չեն հաղորդել, թե արդյոք իրենք վերլուծություն են արել, թե իրենց նորամուծություններն ինչպես կանդրադառնան աղքատության շեմից ցածր ապրող բնակչության վրա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միաժամանակ բարձրացնելով մի շարք ծառայությունների սակագները, ընդ որում, երկու, երեք կամ, նույնիսկ, վեց անգամ, նրանք հարվածում են, առաջին հերթին, անապահով խավի գրպանին։

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023 թվականին Հայաստանում աղքատության ընդհանուր ցուցանիշը, իբր, փոքր-ինչ նվազել է՝ 24,8%-ից մինչեւ 23,7%։ Ընդ որում, Հայաստանի գյուղական վայրերում աղքատության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան՝ քաղաքներում։ Վիճակագրական կոմիտեն հաշվարկում է աղքատության ընդհանուր մակարդակը' օգտագործելով աղքատության ծայրահեղ շեմի (նվազագույն պարենային զամբյուղ) և վերին շեմի (պարենային զամբյուղ գումարած ոչ պարենային ապրանքների, կոմունալ և այլ ծառայությունների ծախսեր) միջինացված ցուցանիշը: Հիմք է ընդունվում Համաշխարհային բանկի, այլ ոչ թե ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանությունը։ Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ՝ պարենային զամբյուղը ներառում է ավելի շատ ապրանքներ և արժե մոտ 41,7 հազար դրամ (մոտ 105 դոլար), մինչդեռ, ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության՝ զամբյուղն արժե 37 հազար դրամից մի փոքր ավելի (95 դոլարից մի փոքր պակաս):

Միեւնույն ժամանակ, անկախ փորձագետները հակված են կարծելու, թե Հայաստանի իշխանություններն ապրում են առասպելներով, և ներկայացված վիճակագրությունը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Չէ որ աղքատ բնակչության շուրջ 45%-ը չափազանց մոտ է բացարձակ աղքատությանը, և Վիճակագրական կոմիտեի վերը նշված ցուցանիշները հակասում են երկրում առկա իրական պատկերին, հատկապես՝ բարձր գնաճի ֆոնին։