Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024 12:32
Նաիրա Բադալյան

Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը

Հայաստանում որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի հարկումը

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները որոշել են հետաձգել հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի 20 տոկոս հարկումը։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ հրապարակվել էր Ֆինանսների նախարարության աշխատանքային փաստաթուղթը, որով քննարկվում է այդ հնարավորությունը։ Օրենքի նախագծում նշվում էր, որ նախաձեռնությունը կոչված է վերականգնելու սոցիալական արդարությունը, քանի որ, գործնականում, այնպես է ստացվել, որ վերադարձի համակարգից օգտվում են առավելապես բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները: Արդյունքում՝ նրանք, փաստորեն, չեն վճարում եկամտահարկը կամ վճարում են դրա միայն մի փոքր մասը, մինչդեռ, համեմատաբար ցածր եկամուտ ունեցող մարդիկ ամբողջությամբ վճարում են 20% հարկը, քանի որ նրանք համակարգի շահառու չեն: Իսկ օրենքի փոփոխությունների ընդունմամբ համակարգի բարձր վարձատրվող օգտատերերը կսկսեն եկամտահարկի գոնե մի մասը վճարել պետությանը։

Նախարարի խոսքով՝ փաստաթուղթն անգամ շրջանառության մեջ չի դրվել, այլ միայն ուղարկվել է պետական գերատեսչություններ ՝ արձագանքներ ստանալու համար։ Դա արվել է հասկանալու համար, թե որքան արդյունավետ և հասցեական են գործում տարբեր տեսակի առավելությունները։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Հովհաննիսյանը, հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձը հարկային համակարգը դարձնում է հետընթաց։ Եվ ստացվում է, որ ավելի բարձր եկամուտ ունեցող անձինք ավելի շատ են օգտվում արտոնություններից։ Այդ համատեքստում Ֆինանսների նախարարությունում որոշել են այլ տեսանկյունից դիտարկել հարցը՝ որպես լրացուցիչ եկամուտ՝ դրանով որոշակիորեն նվազեցնելով եկամտահարկի վերադարձի համակարգին ուղղվող ծախսերը: "Պետական գանձարանի ծախսերն այդ ուղղությամբ արդեն հասել են 80 մլրդ դրամի", - նշել է նա:

Սակայն գործընկերների հետ քննարկելով նախաձեռնությունը՝ Ֆինանսների նախարարությունը որոշել է հետաձգել այն։ "Կարծում եմ, որ 2025 թվականին ձեռնպահ կմնանք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց", - եզրափակել է ֆինանսների նախարարը: