Երկուշաբթի, 13 Հունվարի 2025 12:57
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին

Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին

Արմինֆո. Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին։  Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունվարի 13 - ի նիստում դրական եզրակացություն է տվել "Ներդրումային ֆոնդերի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին: Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ներդրումային ֆոնդերի մասին օրենքն ընդունվել է մի քանի տարի առաջ, որտեղ ոչ հրապարակային ֆոնդերին անռչվող հարցերի կարգավորումը շատ մակերեսային է ներկայացվել: Այնուամենայնիվ, նախկինում ընդունված օրենքն իր դրական դերն է ունեցել։ Ներկայումս հանրապետությունում գործում են 56 ակտիվ ոչ հրապարակային ֆոնդեր' ակտիվների 135 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Այդ առնչությամբ դրանց գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտություն է առաջացել։

Նոր փաթեթում առաջարկվում է "Ներդրումային ֆոնդերի մասին" օրենքի դրույթները տարածել նաեւ ոչ հրապարակային ֆոնդերի վրա՝ սահմանելով ֆոնդի հասկացությունը, կարգավիճակը, զուտ ակտիվների արժեքի հաշվարկման, ֆոնդի փայերի տեղաբաշխման եւ մարման կարգը: ԿԲ-ը հնարավորություն կունենա օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքում իր գործիքները կիրառել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանք կառավարող ընկերությունների նկատմամբ: Կենտրոնական բանկն իրավունք կստանա նաև նորմատիվ իրավական ակտերի ընդունման միջոցով լրացուցիչ պահանջներ սահմանել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ:

Բացի այդ, փաթեթի ընդունննումից հետո կսահմանվեն բորսայական ֆոնդը (ETF) և դրա առանձնահատկությունները, որոնց բաժնետոմսերի առեւտուրը կիրականացվի ֆոնդային բորսայում։ Դա, ըստ ներկայացված փաստաթղթերի հեղինակների մտահղացման, թույլ կտա ETF-ի բաժնետոմսեր թողարկել Հայաստանի Հանրապետությունում։