Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025 11:43
Կարինա Մելիքյան

Հայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջը

Հայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջը

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. հոկտեմբերի 1-ից:

 

Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, համաձայն նոր կարգավորման, առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն: Հետևաբար, ՔՅՈւԱՐ կոդով վճարման հնարավորություն տրամադրող ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն վճարումների կամ փոխանցումների կատարումը իրենց կողմից  տրամադրված հավելվածներով, մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով:

 

Առաջարկվող կարգավորման նպատակն է ՔՅՈւԱՐ կոդի միջոցով վճարումների  կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար և արդյունավետ ինչպես վճարողների և ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար: 

 

Կարգավորման նման մոտեցմամբ Կենտրոնական բանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում վճարումների առավել ներառական և արդյունավետ միջավայրի ձևավորմանը՝ խրախուսելով անկանխիկ ֆինանսական ծառայությունների այլընտրանքային հասանելիությունը վճարողների ավելի լայն շերտին:

 

ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջը գործելու է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ-ների համար և չի վերաբերելու ապրանքային ՔՅՈւԱՐ-ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ-ին):