Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025 15:02
Մարիաննա Մկրտչյան

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

Արմինֆո.Մոսկվան Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Երևանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

<Նրանք ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց ո՞րն է առկա իրավիճակի առանձնահատկությունը: Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը մերձենում է Եվրոպական միության հետ, վաղուց էին ընթանում, քննարկումներ կային, բայց 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը, աջակցելով ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարելու մասին օրինագծին, իրավաբանորեն նշանակալի քայլ կատարեց։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը: Դա Հայաստանի կառավարության որոշումն էր, եւ մենք այն դիտարկում ենք որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ", - նշել է ՌԴ փոխվարչապետը։

 

<Հետագա քայլերը Հայաստանի կառավարությանն են։ Նրանք կամ պնդում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում նման հարց չկա, կամ՝ որ չեն ցանկանում կամ չեն ծրագրում դուրս գալ [ԵԱՏՄ-ից], կամ՝ որ իրենք կգնահատեն, թե որտեղ ավելի լավ կլինի։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը>, - ասել է Օվերչուկը։

 

Ընդ որում, նա ափսոսանքով է արձանագրել, որ արդեն անցյալ տարի սկսել է տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսը սկսել է ավելի զգուշավոր վերաբերվել Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանմանն ու զարգացմանը: "Մենք տեսանք, որ մի շարք ուղղություններով սկսվել է գործարար ակտիվության դադարեցում", - հավելել է ռուս պաշտոնյան:

 

Միաժամանակ, նա փաստել է, որ Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։

 

"Եկել է 11 ամսվա թարմ վիճակագրությունը. Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը՝ 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Ընդ որում, ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ պակաս է և նվազում է։ Դա այն է, ինչի մասին խոսում է տնտեսությունն ու իրականությունը>, - նշել է նա։

 

Միևնույն ժամանակ, Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տնտեսության աճը ցույց է տալիս, որ այն հանդիսանում է ԵԱՏՄ անդամակցության հիմնական շահառուն:

 

Ընդ որում, Օվերչուկը կոռեկտ չի համարել ԶԼՄ-ների ներկայացուցիչների այն հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երևանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում: "Այդպիսի հարց չի կարելի դնել, որովհետև ԵԱՏՄ-ին միանալու հարցը միշտ էլ ինքնուրույն որոշումն է մի երկրի, որն իր շահերից ելնելով, որոշում է  միանալ, թե չանդամակցել: Այստեղ ակնհայտ օգուտներ կան,- ընդգծել Է ՌԴ փոխվարչապետը։ - Դրանք բաղկացած են էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումից և տնտեսական զարգացման համար կայուն պայմանների ստեղծումից: Եւ, որ ամենակարեւորն  է,  անարգել մուտք դեպի հսկայական շուկա, որտեղ կա նման երկրի ապրանքների պահանջարկ: Սա վիթխարի ներուժ է տնտեսության զարգացման, մարդկանց և բիզնեսի եկամուտների ավելացման համար>։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել "Եվրաքվե" քաղաքացիական նախաձեռնության առաջարկած ՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանում։