
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, համաձայնագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային ենթահատվածը։ Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։