Արմինֆո. Համաշխարհային բանկը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով 40 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին՝ Enabling the Energy Transition նախագծին աջակցության համար, որը կնպաստի մինչև 2040 թվականը երկրի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության իրականացմանը:
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 22-ի լիագումար նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: Պարտավորության վճարը տարեկան կազմում է 0,25 տոկոս դրույքաչափ, որը հաշվարկվում է չմասնահանված գումարի նկատմամբ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարզաբանել է, որ ենթակայաններում վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով. սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, եւ մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր: Սարքավորումների շահագործման ապահովման բարդությունը կապված է նաեւ պահեստամասերի ձեռքբերման խնդրի հետ, քանի որ նշված սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից: Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները բացի հին եւ մաշված լինելուց չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ: Մի շարք այլ խնդիրներ առկա են ենթակայանների շահագործման խնդիրների առումով:
Ծրագրի շրջանակը ներառում է նաեւ միջոցառումներ եւ ներդրումներ՝ ուղղված SCADA տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման ավարտին, որը կբարձրացնի Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի թվայնացման մակարդակը եւ կբարելավի իրական ժամանակում կարգավորումը: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, նաեւ կկրճատեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը: Ակնկալվում է աշխատանքներն ավարտել մինչեւ 2028 թվականը:
«Նշված ենթակայանները հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ եւ հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների վերազինումը եւ արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաեւ կկրճատվեն ենթակայանների շահագործման եւ պահպանման ծախսերը»,- այս մասին նշել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը: