Հինգշաբթի, 23 Հունվարի 2025 11:42
Ալինե Գրիգորյան

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լսել ոսկեգործության ոլորտի համար հարկային դաշտի օպտիմալացման վերաբերյալ գործարարների առաջարկները

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լսել ոսկեգործության ոլորտի համար հարկային դաշտի օպտիմալացման վերաբերյալ գործարարների առաջարկները

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։

 

Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

 

Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։

 

Անդրադարձ է կատարվել ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ոլորտում գործող հարկային դաշտի բարելավման հնարավորություններին։

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին հավաքագրել բոլոր հնչեցված ոլորտային խնդրահարույց կետերի մասով առաջարկները և ներկայացնել նախարարություն՝ գործող օրենսդրական կարգավորումները լավարկելու նպատակով։

 

Նշենք, որ ոսկերչական արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-նոյեմբերին նվազել են 34,9% - ով՝ մինչեւ 48,1 մլրդ դրամ (122,5 մլն դոլար)։ Մինչդեռ, ամբողջ 2023 թվականին արձանագրվել էր 4,9 անգամ աճ ՝ մինչև 230,9 մլրդ դրամ, 2022 թվականին՝ 51,8% աճ՝ մինչև 42 մլրդ դրամ։