Հինգշաբթի, 23 Հունվարի 2025 11:45
Նաիրա Բադալյան

Ասիական զարգացման բանկը Հայաստանին 45.3 մլն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահության որակի բարելավման համար

Ասիական զարգացման բանկը Հայաստանին 45.3 մլն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահության որակի բարելավման համար

Արմինֆո.Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Ինչպես նշվում է կառավարության հաղորդագրությունում, առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: Բուժսպասարկման որակի բարելավումն իր հերթին պահանջում է բարեփոխումների իրականացում որակի ապահովման բոլոր տարրերի (ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների և էլեկտրոնային առողջապահության) շրջանակներում ծառայությունների հասանելիության ապահովման, բուժսպասարկման որակին առնչվող գործընթացների բարելավման, ինչպես նաև ծառայությունների արդյունավետության չափելիության բարձրացման նպատակով:

 

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝ առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

 

Արձագանքելով որոշման ընդունմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է կոմունիկացնել հանրությանը, քանի որ թվայնացումն ինքնանպատակ չէ: Ըստ փոխվարչապետի, որքան շատ թվային տվյալներ լինեն մարդու առողջության վերաբերյալ, այնքան բուժհաստատությունների ծառայությունները կլինեն բարձր որակի, արագ և ավելի մատչելի: «Մեր գերնպատակը մարդու առողջությունն է, և եթե չթվայնացնենք, չենք կարողանալու լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել. և՛ տևողությունն ավելի երկար կլինի, և՛ ախտորոշումը»,-հավելել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ոլորտի թվայնացման հիմնական նպատակն այն է, որ մատուցվող ծառայությունները լինեն որակյալ և թիրախային, և այդ իմաստով՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և սեփականության ձևից, առողջապահական ծառայություն մատուցողը պետք է թվային կապ ունենա ընդհանուր համակարգի հետ և տեղեկատվություն փոխանակի: