Հինգշաբթի, 23 Հունվարի 2025 13:33
Նաիրա Բադալյան

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ձևով

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ձևով

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։ Այդ մասին  հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ, հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում ՋիԷմՓի-ի փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն մշակել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ որոշվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի-ին, որը նաև իր ծառայությունների մատուցման շրջանակներում համակարգելու է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության, տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության և «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։

 

Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա ՋիԷմՓի-ից Ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունների ձեռքբերումը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։