Ուրբաթ, 24 Հունվարի 2025 13:19
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել են գյուղատնտեսության զարգացումը

Էկոնոմիկայի նախարարությունում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել են գյուղատնտեսության զարգացումը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

 

Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը հաջորդ տասնամյակի համար ունի հստակ տեսլական՝ ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանը նշել է նաև գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ նպատակները՝ հողային բարեփոխումներ, արտահանման դիվերսիֆիկացում, թվային գյուղատնտեսություն և նորարարություն, սննդի անվտանգություն և մարդկային կապիտալի զարգացում, գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում:

 

«Մենք մեծապես գնահատում ենք Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ աջակցելու երկրներին գյուղատնտեսական համակարգերի վերափոխման և պարենային անվտանգության բարձրացմանն ուղղված ջանքերում և Համաշխարհային բանկը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու Հայաստանին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին», - ընդգծել է Գևորգ Պապոյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցության հետագա ընդլայնման և գործակցության խորացման առավել հեռանկարային ուղղություններն ու հնարավորությունները։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության համախառն արտադրությունը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 2% - ով՝ կազմելով շուրջ 665 մլրդ դրամ։