Երկուշաբթի, 27 Հունվարի 2025 14:27
Ալինա Հովհաննիսյան

Armenian Airlines-ը գործարկում է Հայաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքները կապող առաջին ուղիղ չվերթը

Armenian Airlines-ը գործարկում է Հայաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքները կապող առաջին ուղիղ չվերթը

Արմինֆո. Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։

Երևան - Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։

Ավիաընկերությունը Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքներ է ապահովելու նաև Մոսկվայի (Շերեմետևո միջազգային օդանավակայանից) և ՌԴ այլ քաղաքների ուղևորների համար՝ դեպի Դելի։

Ընկերությունում նշել են նաև, որ այս տարի նախատեսվում է մի շարք նոր ուղղությունների գործարկում:

Հիշեցնենք, որ Armenian Airlines-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին ։ Ավիաընկերությունն իր առջև նպատակ է դրել զարգացնել միջազգային երթուղիների ցանցը, ինչպես նաև ընդլայնել միացնող չվերթների հարմարավետ մոդելը, որը հիմնված է Երևանի տարածքով թռիչքների գործող ծրագրի վրա: