Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 15:12
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 30-ին և 31-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից:

 

Ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթի քաղաքում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը և "Digital Almaty 2025: Industrial AI: technologies for new era" թվայնացման միջազգային համաժողովը:

 

Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, Հայաստանի փոխվարչապետը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Դրա հետ մեկտեղ սպասվում է ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետությունների ներկայացուցիչների՝ Իրանի առաջին փոխնախագահի, Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրված պետությունների ՝ Ադրբեջանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարների մասնակցությունը:

 

ԵՄԽ նիստի օրակարգը, որն, ավանդույթի համաձայն, կանցկացվի նեղ և ընդլայնված կազմերով, ընդգրկում է առևտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ:

 

Հունվարի 31-ին ԵԱՏՄ անդամ պետությունների, դիտորդ պետությունների պատվիրակությունների ղեկավարները և հրավիրված հյուրերը կմասնակցեն <Digital Almaty> ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին: Ավանդաբար, համաժողովի աշխատանքին ակնկալվում է քաղաքական և հասարակական գործիչների, խոշոր դիջիթալ ընկերությունների ղեկավարների, ՏՏ բիզնեսի առաջնորդների և թվային ոլորտի փորձագետների մասնակցությունը:

 

Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև թեմատիկ նախագծերի միջազգային ցուցահանդես '"Digital Almaty Awards" մրցանակաբաշխությամբ: