Շաբաթ, 1 Փետրվարի 2025 12:05
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. «Մոդուս գրանում» ընկերությունը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում եւ ունի արտահանման մեծ ներուժ

Նախարար. «Մոդուս գրանում» ընկերությունը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում եւ ունի արտահանման մեծ ներուժ

Արմինֆո.Հունվարի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Մոդուս գրանում» ընկերություն՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը, արտադրական հզորություններին և ոլորտում ներդրված նորագույն տեխնոլոգիաներին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» և «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրերի շրջանակում ընկերությունը ձեռք է բերել սարքավորումներ և գյուղատնտեսական տեխնիկա, որոնց արժեքը կազմել է շուրջ 10 մլն դոլար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ընկերությունը տարեկան արտադրում է մինչև 60,000 տոննա համակցված կեր՝ օգտագործելով միջազգային ստանդարտներին համապատասխան հումք։ Գործարանն ունի փորձառու և բարձր որակավորում ունեցող ինժեներատեխնիկական անձնակազմ (ավելի քան 100 աշխատակից):

Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և ձկների համար բարձրորակ համակցված կերերի արտադրության մեջ։

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է գործարանի տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրական պրոցեսներին և լաբորատոր հսկողության մեխանիզմներին։ Նա ընդգծել է, որ այս ընկերությունը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում՝ ապահովելով ոչ միայն տեղական շուկայի պահանջները, այլև ունի արտահանման մեծ ներուժ։

Գործարանը հագեցած է գերմանական և դանիական առաջատար տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս իրականացնել արտադրության ամբողջական ավտոմատ վերահսկում և ապահովել արտադրանքի բարձր որակը։