
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները շարունակում են խեղդել փոքր և միջին ձեռնարկատերերին՝ նոր անհաղթահարելի հարկային տուրքեր սահմանելով։ Այդպիսի հայտարարությամբ հանդես են եկել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կապակցությամբ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ՓՄՁ-ների մի խումբ ներկայացուցիչներ:
Բողոքի մասնակիցները երկրորդ շաբաթն է, ինչ գալիս են Հայաստանի կառավարության շենքի մոտ ՝ պահանջելով վերանայել այդ նորամուծությունները։ ՓՄՁ ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հիշեցրել են, որ իրենց դժգոհությունը պայմանավորված է շրջանառության հարկի 5 տոկոսից մինչև 10 տոկոս աճով:
Նրանց ասելով՝ Հայաստանի կառավարության այդ նախաձեռնությունը կարող է հանգեցնել երկրում փոքր եւ միջին ձեռնարկատիրության վերացմանը: Հավաքվածները շարունակում են պահանջել հարկի իջեցում մինչև 1% և ավելորդ փաստաթղթաշրջանառության բացառում։
Ցուցարարները պատմել են, որ ավելի վաղ գործադիր իշխանությունից իրենց հրավիրել են այդ խնդրի քննարկման, սակայն նման հանդիպումները որևէ փոփոխության չեն հանգեցրել: Նրանք դժգոհություն են հայտնել, որ օրենքն ընդունվել է առանց նախնական քննարկման՝ իրենց հետ, ում ուղղակիորեն անդրադարձել է այդ օրենքը:
"Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2-3 ամիս պետք է սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչպես է աշխատելու այս օրենքը, ում վրա է ազդելու, եւ ինչ հետեւանքներ է ունենալու։ Բայց դա սխալ է", - նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա պարզաբանել է, որ շատ գործարարներ կարող են ստիպված լինել փակել իրենց խանութներն արդեն հիմա, եւ երեք ամիս անց քննարկելու ոչինչ չի լինի։ Ընդ որում, նա վստահ է, որ իշխանությունները տեղյակ են այս նորամուծության արդյունքում ստեղծված իրական անմխիթար վիճակի մասին։
Ցուցարարները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացի մաքսատուրքից, որը վճարում են հումք ներմուծելիս, նոր օրենքի համաձայն, այժմ պետք է վճարեն շրջանառության հարկ: Նրանց կարծիքով, դա պայմաններ կստեղծի կրկնակի հարկման համար, որն էլ արդյունքում կհանգեցնի ՓՄՁ-ների անհետացման։