Արմինֆո. 6-րդ օրն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի աշխատում։ Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձերից՝ պահանջելով այն բարձրացնել մինչև 50 տոկոսով։ Հիշեցնենք, որ հանրապետության խոշոր արդյունաբերական այս ընկերությունում ամսական միջին աշխատավարձը 600.000 է։
Հանքագործները կազմակերպել են քվեարկություն, որի արդյունքում 2448 մարդ կողմ է քվեարկել գործադուլի պահանջին։ Սակայն կոմբինատի տնօրինությունն ու արհեստակցական միությունը հանքագործների քայլը որակում են որպես բողոքի ակցիա, այլ ոչ թե գործադուլ ու այն անօրինական են համարում։
«Հենա ձախից մեր ժողովուրդն ե գալիս, ողջունենք ծափերով»։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են․ բողոքի ակցիայի 6-րդ օրը նրանք կրկին հավաք են նախաձեռնել ու աշխատողներով շարժվել դեպի կոմբինատի վարչական շենք, ուր աշխատում է ընկերության տնօրինությունը։ Չնայած ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը փորձում է, միջնորդի դեր ստանձնելով, ընդհանուր հայտարարի բերել կոմբինատի ղեկավարության ու աշխատակիցների մոտեցումները, սակայն արդյունք և լուծում դեռ չկա։
Բողոք բարձրացրած աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձը 50 տոկոսով, իսկ ղեկավարությունը սա անիրատեսական է համարում՝ հիշեցնելով՝ ընթացիկ բարձրացումներ արդեն արվել են։
Էդուարդ Փահլևանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շատ հակիրճ է արձագանքում մոր հարցերին, նախ ուղղում է մամուլում տեղ գտած ձևակերպումները, ասում է՝ սրանք ոչ թե բանակցություններ են, այլ երկխոսություն։
«Բանակցություններ կլինեին այն ժամանակ, երբ դա լիներ օրենքի շրջանակում։ Դուք պատկերացնում եք՝ ուր են տանում այս մի քանի տասնյակ հոգին։ Ընդհանրապես, պատասխանատվություն էլ չունեն, թե 4000 հոգու, 4600 աշխատողի, Քաջարանի, ողջ հանրապետության համար սա ինչ արհավիրք է»
Տնտեսագիտական գնահատումներով՝ պարապուրդի ամեն օրը ենթադրում է միլիոնավոր դրամի կորուստ ինչպես բյուջեի, այնպես էլ կոմբինատի և կոլեկտիվի համար: Վերլուծաբանները գտնում են, որ այս առումով ոչ միայն պետք է արհմիությունը բանակցի, այլև՝ պատկան մարմինները՝ և՛ բաժնետերերի, և՛ կոլեկտիվի, և՛ տնօրինության հետ, որպեսզի կոմբինատը հնարավորինս շուտ վերագործարկվի:
Կոմբինատի աշխատակիցներից մի քանիսը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեցին, որ իրենք հետքայլ չեն անելու։ Իրենք իրենց պահանջն օրինական են համարում՝ պնդելով, որ դա է հաստատում իրենց փակ ու գաղտնի քվեարկության ընդհանուր արդյունքը, ըստ որի՝ 2448 աշխատակից կողմ է քվեարկել պայքարին։
Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը, սակայն, հարցին այլ կողմից է մոտենում։
«Քվեարկություն կլիներ, եթե նրանք դուրս գային աշխատանքի։ Էդ քվեարկությունը թուղթ է, թուղթ։ Դա չի կարող որևէ իրավական հիմք լինել, եթե նրանք դուրս չեն եկել աշխատանքի։
«Ռադիոլուրի» զրուցակիցը համոզված է՝ առանց վայրկյան կորցնելու պետք է վերսկսել աշխատանքը, որպեսզի երկխոսությունը կառուցողական լինի, ու իրենք աստիճանաբար հասնեն նպատակակետին։
«Իսկ հիմա էն աստիճանն է, որ տնօրենն ինչ էլ անի, օրինական դաշտում է լինելու, ճիշտ է լինելու։ 500-1000 հոգի էլ ազատի աշխատանքից, ճիշտ է լինելու օրենքի առումով»։
ԶՊՄԿ-ի տնօրինությունն արդեն անհարգելի բացակայությունների հիմքով աշխատանքի չներկայանալու ծանուցումներ է ուղարկել աշխատակիցներին։ Վերջիններիս իրենց աջակցությունն են հայտնել իրավապաշտպան որոշ կազմակերպություններ։
Դրան զուգահեռ՝ երկխոսությունը շարունակվում է տնօրինության ու աշխատակիցների միջև։
Ի դեպ, աշխատողներից ոմանք հայտարարել են, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում պատրաստ են փոխելու պայքարի ձևն ու բողոքի ակցիա կազմակերպել Քաջարանում։ Ոմանք էլ փոխանցեցին տեղեկություններ, որ արդեն կարծես մոտ են բանակցության ավարտին։